Ներքին պարտքը պարտքային ճգնաժամի չի կարող հանգեցնել. ֆիննախ
Հայաստանի այս կառավարությունը նախորդից ժառանգեց պարտքային բավականին մեծ բեռ: 2016-ի վերջում այն կազմում էր ՀՆԱ-ի 52,2 տոկոսը՝ մոտ 6 մլրդ դոլար: Պարտքի կառուցվածքում 80 տոկոսից ավելին արտարժութային վարկերն են: Կառավարությունում շարունակում են պնդել՝ պարտքը ռիսկային չէ, նկատում են՝ եթե տնտեսությունը զարգանում է, ներդրումներ են ներգրավվում: Այժմ ֆինանսների նախարարությունը փոխում է պարտքի ներգրավման քաղաքականությունը՝ ավելացնելով ներքին պարտքը: Ֆինանսների նախարարը, վկայակոչելով միջազգային փորձը, պնդում է՝ ներքին պարտքը պարտքային ճգնաժամի չի կարող հանգեցնել: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է՝ պետական պարտքը դիտարկելիս 20 տոկոսը՝ 1,2 մլրդ դոլարը, ներքին աղբյուրների հաշվին է, հիմնականում ներառված են պարտատոմսերը, սակայն այստեղ վստահության պակաս է նկատվում:
Տարբեր հաշվարկներով` ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ կամքից, տարիքից ու սեռից, անգամ ցանկությունից, մոտ 2000 դոլար պարտք ունի։ Հայաստանի տնտեսական աճը ութ անգամ պակաս է արտաքին պարտքից՝ ասում են տնտեսագետներն ու անհանգստանում՝ շուտով մեր երկիրն ի վիճակի չի լինելու կատարել իր պարտքային պարտավորությունները: Ֆինանսների նախարարությունն էլ շարունակում է պնդել՝ անհանգստանալու կարիք չկա: Անհանգստանալ պետք չէ, սակայն պարտքի ներգրավման քաղաքականությունում փոփոխություններն ավելի քան անհրաժեշտ են: Եվ ահա Հայաստանի կառավարությունը պարտքի ներգրավման նոր քաղաքականություն է որդեգրել՝ ավելացնել ներքին պարտքը: Պարտքի ճգնաժամը ներքին պարտքից չի լինում՝վստահեցնում է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ մեջբերելով միջազգային փորձը : Պարզաբանում է՝ ներքին պարտքի դեպքում փողը մնում է երկրում, ներդրվում տնտեսության մեջ:
«Ներքին պարտքը գործիք է, որը օգնում է, որպեսզի դու հարկաբյուջետային քաղաքականությունը սահուն իրականացնես: Օգնում է, որպեսզի դու կարողանաս անհրաժեշտ ժամանակահատվածում նաև բուֆերներ ձևավորես»:
Ներքին պարտքը նաև ֆինանսական շուկայում ուղենիշներ է սահմանում՝ ասում է նախարարը: Եկամուտների թերակատարման պարագայում ներքին պարտքի հաշվին փակվել է դեֆիցիտը՝ թողարկելով 170 մլրդ դրամի ներքին պարտք, արդյունքում՝
«Կարողացել ենք հասել նաև նրան, որ տոկոսադրույքները էականորեն նվազել են: Օրինակ, կարճաժամկետ պարտքի տոկոսադրույքները շուրջ 5 տոկոսային կետով ընկել են, ընդհանուր պարտքի միջին տոկոսը՝ 2016-ի ընթացքում 2015-ի համեմատ շուրջ 3.2 տոկոսային կետով նվազել է»:
Արամյանը կարծում է, որ սրանք ձեռքբերումներ փաստող ցուցանիշեր են: Հայաստանի կառավարությունը 2016թ պարտքի գծով վճարել է 98,3 մլրդ դրամ տոկոսավճար, որը կազմում է պետական բյուջեի եկամուտների 8,7 կամ ՀՆԱ-ի 1,9 տոկոսը:
Տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ պետական պարտքը դիտարկելիս 20 տոկոսը՝ 1,2 մլրդ դոլարը, ներքին աղբյուրների հաշվին է, հիմնականում ներառված են պարտատոմսերը:
Տնտեսագետը նաև լուծումներ է առաջարկում. «Այստեղ կարելի է դիտարկել այն հարցը, որ շատ է խոսվում պետություն- մասնավոր հատված համագործակցության նախագծերի շուրջ՝ պարտատոսմերի մասին և այլն: Սրա համար չափազանց կարելի է հավատը: Մենք վստահության մասին շատ ենք խոսում, սակայն, եթե ուսումնասիրենք բանկային համակարգի միտումները, չնայած տոսոադրույքները նվազում են, սակայն, ավանդները ավելանում են՝մոտ 23 տոկոսով 2016-ին 2015-ի նկատմամբ ավանդները ավելացել են: Մենք անգամ ավելի ցածր եկամտաբերության պայմաններում էլ ավանդն ենք նախընտրում: Պարտատոմսերի դեպքում հատկապես ֆիզիկական անձանց պարագայում, եկամտահարկով չեն հարկվում»:
Սա տնտեսագետը վստահության պակասով է պայմանավորում: Ֆինանսների նախարարությունը փորձում է պարտատոմսերի շուկան ակտիվացնել: Արդեն մի քանի ամիս է, ինչ հնարավոր է պարտատոմս ձեռք բերել էլեկտրոնային եղանակով: Ֆիզիկական անձանցից մինչ այժմ ներգրավվել է 2,5 մլրդ դրամ, գումարն ուղղվել է բյուջեի դեֆիցիտի կրճատմանը: