Քաղաքական

Նախագահը բացում է փակագծերը

Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը  մասնակցել է «Դիտակետ», «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի հանրային քննարկումների ամփոփմանը: Նախագահը  բացել է որոշակի փակագծեր, թե՝ ի՞նչ նկատի ուներ, երբ ապրիլյան իրադարձությունների ժամանակ Գերմանիայում հարցազրույց տալիս ասել էր, որ հայ զինվորները կռվում են 80-ականների զինատեսակներով:

 

Ապրիլյան պատերազմից եւ Գերմանիա իր այցից մեկ տարի անց հանրապետության նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը բացում է փակագծեր՝ ի՞նչ նկատի ուներ, երբ Բեռլինում հարցազրույցի ժամանակ ասում էր, որ  հայ զինվորները կռվում են 80-ականների զինատեսակներով:

 

«Նախ կոնտեքստն էր մի փոքր այլ, և երկրորդ՝ նշխարհում չկա մի բանակ, որը կունենա բոլոր ժամանակակից զինատեսակները: Չկա՛ այդպիսի բանակ: Ո՛չ ամերիկյան բանակը, ո՛չ ռուսական և ոչ էլ որևէ այլ բանակ չի կարող ասել՝ ես ունեմ բոլոր ժամանակակից զինատեսակները, որովհետև որևէ բանակ, որևէ պետություն ի վիճակի չէ դա անել: Յուրաքանչյուր բանակ պետք է ունենա բավարար զենք և զինատեսակներ, որպեսզի կարողանա լուծել իր առջև դրված խնդիրները, և դա գնահատվում է ամբողջության մեջ՝ գումարած զինվորի բավարար չափով մարտական ունակությունները: Այսօր մեր բանակը ունի ոչ թե ամենաժամանակակից զինատեսակները, ես չեմ կարող այդպես ձևակերպել, ունի բավարար զինատեսակներ, բավարար զենք և զինամթերք, որպեսզի լուծի իր առջև դրված խնդիրները»:

Սակայն մինչ այս՝ նախագահին  հանդիպման մասնակիցները ներկայացրել են երեք ծրագրերի  քննարկման արդյունքները: Ներկաները, ովքեր հասարակության տարբեր շերտերի՝ զինվորականից մինչև  հասարակական կառույցի  ներկայացուցիչներ են եղել, պնդել են,  որ  այդ ծրագրերը  իրականացնելիս  կգրանցվի միայն դրական արդյունք: Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշել է, որ բանակի նկատմամբ միշտ էլ մեծ է եղել հասարակության  վստահությունը, սակայն այս  ծրագրերի քննարկումներն առավել քան ամրապնդել  է  ազգ-բանակ կապը:

Նախագահն էլ նշել է՝ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի միջոցով նոր հնարավորություններ են ստեղծվում երիտասարդության համար, քանի որ առաջարկված լուծումները ճկուն են և երկարաժամկետ:

Պաշտպանության նախարարությունը երիտասարդության և սպորտի նախարարություն չէ, և նրա նպատակը միայն երիտասարդներին որևէ կերպ խթանելը չէ:

Անշուշտ, այստեղ կա շատ մեծ շահ՝ ելնելով զինված ուժերի կարիքներից, բայց այս երկուսի համադրումը, կարծում եմ, շատ օգտակար կլինի մեզ համար։ Հուսով եմ, որ հեռու չէ այն օրը, երբ երիտասարդ ընտանիքները կկարողանան իրենց սեփական օջախները ստեղծել հենց այս ծրագրերի շնորհիվ, իսկ ես ու Վիգենն էլ (պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը. խմբ.), եթե ձեզնից որևէ մեկը կցանկանա մեզ հետ ընկերանալ, կմասնակցենք նրանց բնակարանամուտների հաճելի արարողություններին:

ՙՀենց բանակի միջոցով  ստեղծվում են նոր սերնդի մտավորականներ, մասնագետներ, հասարակության նվիրյալներ՝ ասել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ պետությունը շարունակելու է խրախուսել և փայփայել իր այդ քաղաքացիներին:  Նախագահը անդրադարձել  է նաև  «Դիտակետ»  ծրագրին:

Պետության ղեկավարը ներկաներին  պատմել է նաև, որ մինչ հանդիպմանը գալը այցելել  է առաջնագիծ ու հանդիպել բազմաթիվ  երիտասարդ սպաների ու զինվորների հետ և ևս մեկ անգամ համոզվել, որ մենք ունենք փայլուն տղաներ:

Մեր զինվորներն ու սպաները շատ տոկուն են, քաջարի, բայց, այնուհանդերձ, զուտ տոկունությամբ, քաջությամբ, կարգապահ լինելով հնարավոր չէ մարտական խնդիրներ լուծել. մարտական խնդիրը լուծվում է այս հարթություններով, երբ ունես բավարար չափով սպաներ: Իհարկե, նաև փա՛ռք մեր ժողովրդին, որ իր բերանից կտրելով հնարավորություն է ընձեռնում այս փայլուն սերնդի համար ապահովելու այս ամենը:

Ամփոփելով ելույթը՝ նախագահը  տվել է մեր երկրի հաջողություն բանաձևը. բավականաչափ քանակի և որակի զենք ու զինամթերք, գումարած խելացի ու աննահանջ մարտիկներ։

Back to top button