Մշակույթ

«Սիմոնի ճամփան». ֆիլմ՝ մարդու եւ սահմանի մասին


«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնը շարունակվում է: Երկու տասնյակ ֆիլմեր են ընդգրկված «Հայկական համայնապատկեր» ազգային ծրագրում: Վերջինիս նպատակն է մի մրցույթում ընդգրկել և համագործակցության հարթակ ստեղծել աշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող և ապրող հայերի համար:

1993-ից Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակ է: Երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ, իրար կապող ճանապարհներ և երկաթուղի, ուստի տնտեսական  հարաբերություններ գրեթե չկան: Ազգականներն ապրում են ամուր փակված սահմանների երկու կողմում. նրանց բաժանող վիհը դժվարացնում է հաղորդակցությունը:

Մեռնող պապին տեսնելու համար  երեք հարյուր մետր կտրելու փոխարեն Սիմոնը ստիպված է  գրեթե 11 հազար կիլոմետր անցնել: «Սիմոնի ճամփան» կարճամետրաժ ֆիլմը, որը ներկայացված է «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում, տրագիկոմիկական  պատմություն է մարդկանց ճակատագրի վրա քաղաքականության թողած ազդեցության մասին:

Ռեժիսորը ֆիլմում ներկայացնում է այն ամենը, ինչը անձամբ է տեսել ու լսել և այս առումով չգիտի, արդյոք ֆիլմը հաջողվա՞ծ է, թե՞ ոչ, բայց խոստովանում է, որ Սիմոնն իր համար բավականին լուրջ փորձություն էր:

«Շարմ» ընկերությունը նախաձեռնել է 7 նովելից բաղկացած մի նախագիծ, որոնք տարբեր են թե’ թեմայով, թե’ ոճով: Տարբեր ռեժիսորների աշխատանքներ են և «Սիմոնի ճամփան» դրանցից մեկն է՝ ասում է ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանը:

«Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթի ներկայացված ֆիլմերից մեկն էլ Հրանտ Վարդանյանի  «Լույսի ձայներն» է: Կարճամետրաժ կինոնկարը պատմում է  «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի՝ Շվեյցարիայում կատարած շրջագայության մասին:  Հեքեքյանի փայլուն երգչախմբի, մեր ապագայի մասին է այս կինոն՝ ասում է ֆիլմի ռեժիսոր Հրանտ Վարդանյանը:

«Հայկական համայնապատկեր» ծրագրում ընդգրկված ֆիլմերի 80 տոկոսը փառատոնային պրեմիերաներ են:

Back to top button