Հասարակություն

«Ավրորա»-ի մրցանակի շնորհման հաջորդ արարողությունը՝ 2018թ. հունիսի 8-10-ը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտնում է, որ 2018թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը, Aurora Dialogues քննարկումները և մի շարք այլ կարևոր միջոցառումներ տեղի կունենան 2018թ. հունիսի 8-10-ը Հայաստանում: Այսօրվա ամենահրատապ մարդասիրական խնդիրների համար լուծումներ որոնելու և մարդասիրությունը փառաբանելու համար Հայաստանում կհավաքվեն հումանիտար ոլորտի հեղինակավոր գործիչներ, գիտնականներ, բարերարներ, մարդու իրավունքների պաշտպաններ, կառավարությունների ներկայացուցիչներ, լրագրողներ և գործարար առաջնորդներ: Միջոցառումները կամփոփվեն երրորդ ամենամյա «Ավրորա» մրցանակի շնորհմամբ: Այն համաշխարհային մարդասիրական մրցանակ է, որը տրվում է մարդկային կյանքը փրկելու և մարդասիրական գործունեությունն ամրապնդելու գործում բացառիկ ազդեցության համար: Մրցանակի դափնեկիրը 1 միլիոն դոլարի դրամաշնորհը տրամադրում է կազմակերպությունների, որոնք ոգեշնչել և նպաստել են իր գործունեությանը:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից և ի երախտագիտություն նրանց փրկողների՝ վերապրածների ժառանգների կողմից, որոնք ցանկանում են երախտագիտությունն արտահայտել գործով:

«Ուրախ ենք, որ կարողանում ենք անել այս ամենը նրանց հիշատակին և հանրությանն իրազեկում ենք աշխարհի տարբեր վայրերում մարդկանց դեմ իրականացվող վայրագությունների մասին՝ պարգևատրելով նրանց, ովքեր շարունակ պայքարում են այդ խնդիրների դեմ՝ վտանգելով սեփական կյանքը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: «Հայաստանը, որն առաջընթաց է ապրել՝ չնայած անցյալի տառապանքներին, հավակնում է դառնալ մարդասիրական գաղափարների, քննարկումների և գործունեության համաշխարահային կենտրոն: Մյուս տարի ևս անցկացնելով այս կարևոր միջոցառումները՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, ձգտում է շարունակել գործով արտահայտել երախտագիտությունը՝ աջակցելով կարիքի մեջ գտնվողներին»:

2018թ. միջոցառումների ընթացքում տեղի կունենան Aurora Dialogues քննարկումները, որը միջազգային հարթակ է գիտնականների և փորձագետների համար՝ ուսումնասիրելու և քննարկելու հումանիտար մարտահրավերները: Համաժողովը ձգտելու է բացահայտել խնդիրները, վերլուծել անցյալի դասերը և խրախուսել նորարարական գործունեությունը ներկայում՝ ապագան լավը դարձնելու նպատակով: 2018թ. Aurora Dialogues քննարկումների և «Ավրորա» մրցանակի միջոցառումների ժամանակացույցը և լրացուցիչ տեղեկությունները հասանելի կլինեն առաջիկա ամիսներին www.auroraprize.com կայքում:

2018թ. «Ավրորա» մրցանակի համար առաջադրումներ կարելի է կատարել մինչև 2017թ. սեպտեմբերի 8-ը՝ https://auroraprize.com/hy/prize/detail/nominatenow հասցեով:

Մայիսի 28-ին Երևանում երգիչ և երգահան Շառլ Ազնավուրը հայտարարեց 2017թ. «Ավրորա» մրցանակի դափնեկրի՝ բժիշկ Թոմ Քաթինայի անունը: Որպես «Ավրորա» մրցանակի երկրորդ դափնեկիր բժիշկ Քաթինան արժանացավ 100,000 դոլար պարգևի այն նվիրված աշխատանքի համար, որն իրականացնում է Սուդանի՝ պատերազմից և սովից քայքայված Նուբա լեռներում որպես տեղի միակ վիրաբույժ: Պարգևից բացի, բժիշկ Քաթինան հնարավորություն ստացավ 1 միլիոն դոլար դրամաշնորհի առաջադրելու կազմակերպությունների: Դրանք են Աֆրիկյան առաքելության առողջապահական հիմնադրամը (AMHF), Կաթոլիկ առողջապահական առաքելության խորհուրդը (CMMB) և Aktion Canchanabury-ն: Այս կազմակերպությունները շարունակելու են աջակցել կարիքավոր և տառապանքի մեջ գտնվող համայնքներին՝ այսպիսով շարունակելով նվիրատվության շղթան:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար և Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը և օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին: Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր լուսահոգի Էլի Վիզելը Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահն էր:

Back to top button