Քաղաքական

Շարմազանովը բացառում է լայնամասշտաբ ռազմական գործողությունները շփման գծում


Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանն այսօր Երեւանում անդրադարձել է նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա պնդել է՝ խնդրի կարգավորման հարցում առանցքայինը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումն է:

 

Նալբանդյան- Մամեդյարով հանդիպումը ցույց տվեց առկա տրամադրությունները, որոնք այսպես թե այնպես պարզ էին. միջնորդները կարևորում են բանակցությունները, հայկական կողմը շեշտում է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հանձնառությունների կատարումը, իսկ Բաքուն շարունակում հրաժարվում է հանձնառությունների կատարումից, այն է ուժի չկիրառում, հետաքննության մեխանիզմների ներդրում, Կասպրշիկի աշխատակազմի թվաքանակի մեծացում:

Ու քանի դեռ պայմանավորվածությունները չեն կատարվում, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի  խոսքով՝ հայկական կողմը պետք է կոշտ դիրքորոշում դրսևորի:

Բաքուն, ըստ նրա, նոր ստատուս քվո է ուզում, նոր կետից է ուզում սկսել բանակցությունները, սակայն Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը, ըստ Էդուարդ Շարմազանովի, Բաքվի անհաջողությունն էր և մեկ տարի անց առաջընթաց չկա պայմանավորվածություններին կատարման առումով: Նա ևս մեկ անգամ հստակեցրեց հայկական կողմի դիրքորոշումը՝  Ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, ազգերի ինքնորոշման ու տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքների հիման վրա, և դրանցից առանցքայինը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումն է:

Մոսկվայի կողմից Բաքվին զենքի մատակարարումն ու ավելին՝ ռուս փորձագետների միջոցով ադրբեջանցիներին զենքից ճիշտ օգտվելու կանոնների ուսուցանումը հայկականի կողմին բնականաբար դուր չի գալիս՝ ասում է:

Խորհրդարանի փոխոսնակը բացառում է լայնամասշտաբ ռազմական գործողությունները սահմանագոտում։ Նրա կարծիքով՝ Պուտին-Թրամփ հանդիպումը ցույց տվեց, որ  գերտերությունները  թույլ չեն տա Սիրիայի կողքին մի նոր թեժ կետի առկայություն:

Շարմազանովը համոզված է, որ անգամ եթե արցախյան խնդիրը լուծվի՝ դրանքով թուրք-ադրբեջանական նկրտումները չեն անհետանա: Նրանք չեն դադարի հայերին համարել իրենց բոլոր անհաջողությունների պատճառ:

Back to top button