Հայաստանում ելույթ ունենալն ինձ համար միշտ տոն է. Մաքսիմ Վենգերով


Հուլիսի 12-ին կամփոփվի «Արմենիա» առաջին միջազգային մրցույթ-փառատոնը, որը մեկնարկել էր հուլիսի 4-ից: Միջազգային առաջին մրցույթ-փառատոնի շրջանակներում համերգով հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը: Լրագրողների հետ զրույցում ջութակահարը նշել է, որ «Արմենիա» փառատոնն իր տեսակով եզակի է, քանի որ այն ճանապարհ է հարթում երիտասարդների համար։ Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն էլ համոզված է, որ կգա ժամանակ, երբ երիտասարդ կատարողները կհպարտանան, որ մասնակցել են այս մրցույթին։
Մաքսիմ Վենգերովի այցը Հայաստան երեւույթ է եւ իրադարձություն, գնահատականը Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանին է: Նույն պահին էլ աշխարհահռչակ ջութակահարը հավելում է, իր համար մեծ պատիվ է հանդես գալ արեւոտ ու մշակութային Հայաստանում, քանի որ հայ ունկնդիրն ուրիշ է՝ անչափ զգացմունքային: Երաժիշտն արդեն երրորդ անգամ է այցելում մեր երկիր:
«Նախորդ անգամ Հայաստանում կայացած մեր համերգին այնպես էին ծափահարում, ասես ռոք համերգ լիներ: Այնպես որ, ինձ համար միշտ տոն է Հայաստանում ելույթ ունենալը»:
Աշխարհահռչակ երաժշտին երիտասարդները շատ են ոգևորում, ասում է, որ նրանց մեջ այնքան էնտուզիազմ ու Էներգիա կա, որ քեզ այլ բան չի մնում, քան վարակվել նույն այդ էներգիայով:
Վաղը կայանալիք համերգին Վենգերովը կկատարի Բրամսի «Ջութակի կոնցերտը»։ Նա այս գործը տարբեր բեմերում կատարել է ավելի քան 30 անգամ, բայց, նրա հավաստմամբ, սա այնպիսի ստեղծագործություն է, որ յուրաքանչյուր անգամ նոր շերտեր ես բացահայտում: Հարցին, թե ինչու երբևէ չի կատարել Արամ Խաչատրյանի հանրահայ ջութակի կոնցերտը, պատասխանում է հումորով. «Ամեն ինչ առջևում է, քանի որ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը» ջութակի համար նախատեսված աշխարհի լավագույն 10 ստեղծագործությունների շարքում է»:
Հայաստանը Վենգերովն ասոցացնում է նաև անվանի հայ դաշնակահար Վահագն Պապյանի հետ, քանի որ երկար ժամանակ ուսանել է նրա մոտ: Ասում է, որ Պապյանն ավելին է, քան երաժիշտ, ընկեր էր ու եղբայր: Անկեղծանում է՝ Պապյանի շնորհիվ եմ կանգնել դիրիժորական վահանակի առջև, քանի որ, նրա համոզմամբ, դիրիժոր լինելը հնարավորություն է տալիս երաժշտությունը մեկ այլ կողմից տեսնել ու ընկալել:
Երաժշտությունը Վենգերովի համար քաղաքականությունից վեր է։ Երաժշտության լեզուն էսպերանտո է, ասում է նա։ Երաժշտության լեզվով կարելի է փոխանցել յուրաքանչյուր զգացմունք։
Աշխարհահռչակ երաժիշտը պատմեց, թե ինչպես է մի քանի անգամ կորցրել Ստրադիվարիուսի իր ջութակը. մեկ անգամ մոռացել է գնացքում, երկրորդ անգամ՝ մինչեւ գնացք նստելը, հետո իջել, 20 րոպե հետ է վազել ու վերցրել այն։ Իսկ երրորդ անգամ ջութակը մոռացել է ռեստորանում։ Բարեբախտաբար, այս անգամ եւս այն գինվել է։