Քաղաքական

Ինչպես պայքարել դատական անարդարության եւ կոռուպցիայի դեմ


Ինչպես է կառավարությունը փորձելու պայքարել արդարադատության ոլորտում  կոռուպցիայի  կամ դատական անարդարության դեմ, որը հանրապետության նախագահը 6-րդ գումարման խորհրդարանին ուղղված ուղերձում  «երկրի  վաղվա օրվա հանդեպ դավաճանություն» էր որակել:  Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասում է ՝ հարցի պատասխանները  կառավարության ծրագրում են: Նա  այսօր մանրամասն ներկայացրել է  այն քայլերը, որոնք ամրագրվել են փաստաթղթում և որոնցով գործադիրը  փորձելու է  հաղթահարել  դատական համակարգի կոռուպցիան:  Նախանշված քայլերի, առավել ևս արդյուքների նկատմամբ  առայժմ թերահավատ են փաստաբանները:

 

Այսօր կոռուպցիայի դեմքը փոխվել է, այն աստիճանաբար ավելի տեսանելի և խոցելի է դառնում՝ 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին պատգամավորներին ուղղված ելույթում ասաց հանրապետության նախագահը: Սերժ Սարգսյանը  խոսեց կոռուպցիայի հանդեպ զրո հանդուրժողականության, անարդարություն դեմ  պայքարի մասին, նաև նշեց՝ երկրի  վաղվա օրվա հանդեպ դավաճանություն է ցանկացած մեկի, առավել ևս դատավորի թույլ տված անարդարությունը:

Ինչպես է կառավարությունը փորձելու  պայքարել անարդարության դեմ մասնավորապես դատական համակարգում կամ ինչ է լինելու   անարդարություն թույլ տված դատավորի հետ: Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասում է ՝ կառավարության ծրագրում նախանշել են այն քայլերը, որոնցով փորձելու են պայքարել դատական համակարգի կոռուպցիայի դեմ:   Ծրագրում նշել են, որ օերնսդարական մակարդակով  կոռուպցիոն բնույթի հանցագործությունները պետք է հստակ տարանջատվեն, հնարավոր է դրանց քննությամբ առանձին ու կոնկրետ մարմին զբաղվի, շեշտել են պատասխանատվության անխուսափելիության հարցը,  բայց նաև կանխարգելմանն ուղղված մեծ ծավալի միջոցառումներ են նախատեսել:  Փոխնախարարն  չի  կարծում, որ հաջողության ցուցիչը  աղմկահարույց դեպքերն են կամ դրանց քանակը:

«Խնդիրը  աղմկահարույց կամ ոչ աղմկահարույց դեպքերը չեն, այլ այն, որ կոռուպցիոն հանցագործության մեջ մեղադրվող անձը անխուսափելիորեն ենթարկվի պատասխանատվության: Եթե խնդիրը դեպքերն են, ցավոք, ունենք դեպքեր, երբ դատավորների, դատախազների  և տարբեր աստիճանի պետական ծառայողների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել »:

Որ նման դեպքեր կան, խորհրդարանում ստիպված էր հիշեցնել  նաև գլխավոր դատախազը: Արթուր Դավթյանը  ստիպված էր պաշտոնյաների ցանկ հրապարակել՝ ցրելու համար հատկապես ընդդիմադիր պատգամավորների այն տպավորությունը, թե խոշոր ձկներին բանն այդպես էլ չի հասնում: Ցանկն անվանական չէր, բայց ընդգրկուն էր:

«Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Հրազդան քրեակատարողական հիմնարկի անվտանգության բաժնի աշխատակից, Արարատ և Վայոց ձոր ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Բավրայի մաքսատան պետ, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ, դատավոր, նույն մարզի դատախազության դատախազ: Այս ցանկը սպառիչ ցանկ չէ»:

Այս պաշտոնյաներին կոռուպցիոն բնույթի տարբեր մեղադրանքներ են առաջադրվել, նրանք  կալանավորված են, դատավճիռներ առայժմ չկան: Ի դեպ , հենց այս կետում  խնդիր են տեսնում  փաստաբանները: Հայկ Ալումյանին , օրինակ, սա հիմք է տալիս ասելու, որ նպատակը կոռուպցիայի դեմ պայքարի տպավորություն ստեղծելն է:

« Սիրողական մակարդակի խոսակցություններ են: Տպավորություն ստեղծելու համար չի կարելի մատնանշել այն գործերը, որոնցով ուժի մեջ մտած դատավճիռներ չկան»:

Իսկ բովանդակային առումով փասատաբանի մտահոգությունն այլ է: Ալումյանը համոզված է, որ կոռուպցիան շատ ավելի լայն ընդգրկում ունի, քան այն ընկալումը, որ կա հասարակության մեջ:

« Օրինակ, ես կոռուպցիոն դրսևորում եմ համարում այն, երբ դատավորը զանգով վճիռ է կայացնում: Հասարակության մեջ ձևավորված  է այն տպավորությունը, թե կոռուպցիան փող տալ-առնելն է: Մենք ոչ միայն սրա դեմ պետք է պայքարենք, այլ նաևայդ պրետեկցիոնիզմկի, էդ զանգերի ու դրանցով կայացվող  վճիռների: Այդ դրսևորումն են դատարանների նկատմամբ այս թերահավատությունը առաջացնում»:

Գործադիրում այդ թերահավատությունը միանգամից ցրող դեղատոմսեր չունեն, բայց նշում են, որ քայլերի ու  միջոցառումների մեծ ցանկ   են նախատատեսում՝  դատարաններում էլեկտրոնային կառավարումից մինչև  դատավորների գնահատման համակարգի ներդրում:  Այդ մասին մանսրամասն գրել են կառավարության ծրագում:  Ի դեպ, դրանով նախատեսված է, որ  մինչև 2017 թվականի ավարտը խորհրդարանա կներկայացվեն համակարգում խաղի նոր կանոններ սահմանող 3 մայր փաստաթուղթ՝   Դատական, քաղաքացիական դատավարության և քրեական դատավարության օրենսգրքերը:

Back to top button