

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը շատ կարևոր է միջազգային հանրության դիրքորոշման հստակ հնչեցման տեսանկյունից։ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Մենք միշտ արժևորել ենք ցանկացած նման հանդիպում։ Սա ոչ միայն երկու արտգործնախարարների հանդիպում է, այլև միջազգային հանրության դիրքորոշումն է հստակ հնչում այդ հանդիպումների ժամանակ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներից 3-ը ներգրավված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեջ: Այս հանդիպումներից, իհարկե, դժվար է ակնկալել վերջնական, համապարփակ կարգավորում։ Այդ ամենը հնարավոր չէ՝ հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական, աննորմալ պահվածքը։ Բայց, այն որ նմանատիպ հանդիպումները կարևոր են խաղաղության և կայունության պահպանման տեսանկյունից՝ միանշանակ է»,- նշեց Բաբայանը:
Հատված «Ռադիոլուրի» 18.00-ի թողարկումից