Տնտեսական

Ինչո՞ւ էր աղմկում Աստղաձորը. ճանապարհի փակման հետքերով


«Պոմպերը աշխատում են ողջ հզորությամբ, գուցե խնդիրներ լինում են, սակայն, արագ շտկվում են»,- «Ռադիոլուր»-ին  այսօր  վստահեցրել է Գեղարքունիք ՋՕ-ի տնօրեն Ռոբերտ Մինասյանը: Հիշեցնենք, երեկ նույն մարզի Ասղաձոր համայնքի  բնակիչները փակել էին Վարդենիս -Երևան միջպետական ճանապարհը՝ բողոքելով ոռոգման ջրի մատակարարումից:

 

Ոռոգման ջրի խնդիր՝ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում: Խնդիրն այնքան էր սրվել, որ երեկ վաղ առավոտյան աստղաձորցիները փակեցին միջպետական ճանապարհը:

Այսօր «Ռադիոլուրի» հետ զրույցում Աստղաձորի գյուղապետ  Ռոբերտ Խաչատրյանը նշեց՝  պոմպերը հնամաշ են, նորմալ չեն աշխատում:

Հիշեցնենք՝ երեկ  գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայտարարեց, որ Աստղաձոր համայնքում ոռոգման ջուր կա, այն տրվում է ՋՕ-ի հետ պայմանագիր կնքած գյուղացիներին: Աստղաձորի գյուղապետ Ռոբերտ խաչատրյանն այսօր վստահեցրեց՝  պատրաստ են վճարել ոռոգման ջրի դիմաց:

Գեղարքունիք ՋՕ-ի տնօրեն Ռոբերտ Մինասյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ  պայմանագրերը թարմացվում են ամեն տարի, գյուղացիները  տեղյակ են, նշեց՝  կշարունակեն իրազեկման աշխատանքները: Ավելին, համապատասխան աշխատակիցը հենց Աստղաձոր համայնքից է:

«Ռադիոլուրի» զրուցակիցը նաև պարզաբանեց՝  «Գեղարքունիք» ՋՕ-ի հետ 46 հա  տարածքի պայմանագիր է կնքվել, սակայն, ժամ առ ժամ թիվը կարող է փոխվել: Անդրադառնալով ոռոգման ջրի խնդրին՝ Ռոբերտ Մինասյանը վստահեցրեց՝ պոմպակայանը աշխատանում է ողջ հզորությամբ: Գուցե խնդիրներ լինում են, սակայն դրանք շատ արագ շտկվում են:

Ռոբերտ Մինասյանը նշեց, որ ևս մեկ պոմպ կտեղադրվի։ Դա կպահանջի մոտ տասը օր: Նշենք, որ ոռոգման ջուրը գյուղացիներին տրվում է մեկ խորանարդ մետրը 11 դրամով:

Back to top button