Հասարակություն

Հուլիսի 11-ը՝ Ազգաբնակչության համաշխարհային օր

հրապարակված 12.59-ին
լրացված 17.19-ին

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 1987 թվականի հուլիսի 11-ին Երկրի բնակչությունը կազմել է շուրջ 5 մլրդ մարդ: Այդ օրը պայմանականորեն կոչվել է Հինգ միլիարդի օր, իսկ երկու տարի անց հեղինակավոր կազմակերպությունը  հենց հուլիսի 11-ը հայտարարել է Ազգաբնակչության համաշխարհային օր: ՄԱԿ-ի կանխատեսմամբ, 2050 թ–ին Երկրի բնակչության թիվը կհասնի 9.8 մլրդ–ի` ներկայիս 7.6-ի փոխարեն։ Իսկ 2100 թ–ին այն կհատի 11. 2 մլրդ–ի սահմանը։ Ի դեպ, հետաքրքրական է, որ առավել արագ աճում է երկրագնդի ամենաանապահով տարածքների բնակչության թիվը։ Ամենաշատ երեխաներն այսօր ծնվում են Աֆրիկա մայրցամաքում։ Հասմիկ Մարտիրոսյանի անդարադարձը:

 

Երկրի բնակչության թիվը աճում է, վերջինիս զուգահեռ նաեւ մարդկանց հոգսերը: Եվ երջանկության մասին խոսելը, ավելին` այն զգալը մղվում է հետին պլան: Գիտական հետազոտության համաձայն, մարդկությունը կարող է զրկվել երջանկությունից, քանի որ որքան ավելի արագ ու ակտիվ է զարգանում քաղաքակրթությունը, այնքան ավելի քիչ բավարարվածություն ու ուրախություն է զգում մարդն իր ապրած կյանքից։ Մարդը անվերջ ձգտում է ավելի մեծ կարողությունների` մոռանալով բավարարվել և ուրախանալ ունեցածով:

Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը այս տարվա հունվարի 1-ի դրությամբ քաղաքային բնակչությունը կազմել է  2 մլն, գյուղականը՝  1 մլն մարդ: Թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 12 հազարով:  Թե որքան են երջանիկ արդեն իսկ պարզ էր հարցախույզից: «Վերադարձ և պաշտպանություն» սոցիալ-իրավական ՀԿ նախագահ Տաթևիկ Բեժանյանի ներկայացրած փաստեր համաձայն՝ տարեցտարի մեծանում է միգրացիոն գործընթացներում ՀՀ քաղաքացիների թիվը: ՀՀ-ից որպես աշխատանքային միգրանտներ մեկնում են 18-54 տարեկանները, որոնցից 77%-ը տղամարդիկ են եւ մեկնում են երկարաժամկետ գրաֆիկով:

«2016թ.-ին հայ  միգրանտների 95%-ը ՌԴ-ում է աշխատել, որի տնտեսության վատթարացման հետեւանքով միգրացիան փոքր-ինչ նվազել է: Մի մասը վերադառնում էր, որովհետեւ չէր կարողանում նախորդ տարիների գումարը վաստակել, մի մասն էլ այլեւս չմեկնեց: Մտավախություն կա, որ  90-ականների սկզբի ուղեղների արտահոսքը կկրկնվի»։

 Մյուս պատճառը, որը ժողովրդագրության թվի նվազման ցուցիչ է, դա պտղի սեռով պայմանավորված ընդհատումներն են: Այն հիմնականում ակնհայտ է մարզերում։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ, մասնավորապես, պատկերն անմխիթար է Գեղարքունիքի, Արմավիրի եւ Արագածոտնի մարզերում: «Ռադիոլուրի» զրուցակից Անահիտ Գեւորգյանը  ներկայացնում է Մարտունու կանանց համայնքային խորհուրդը, 8 անդամից բաղկացած ընտանիքի ամենակրտսեր դուստրն է։ Վերլուծելով տարիների մտածողությունն ու հասարակական ազդեցությունը՝ նշում է. «Կարող է եւ ես այսօր չլինեի, եթե ծնողներս ականջալուր լինեին գյուղում կարծրացած մտածողությանը»:

Պտղի սեռով պայմանավորված ընդհատման առաջին պատճառ տիկին Անահիտը կրկին նշում է արմատացած ավանդական մտածողությունը: Ամփոփելով երկու տարի շարունակ տեղի ունեցած տարբեր՝ երիտասարդ ամուսիններ, սկեսուր, սկեսրայր, հանդիպումների ընթացքում լսածն ու տեսածը, եզրակացնում է՝ պետք է բարձրացնել մարդկանց իրավագիտակցությունը եւ «տղա երեխան է տան ծուխը շարունակողը» հոգեբանությունից դուրս գալ:

Ի դեպ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետազոտության տվյալների համաձայն, առանց այս արատավոր երևույթի կանխարգելման, մինչև 2050 թվականը Հայաստանում չէր ծնվի ավելի քան 80 հազար երեխա: Եվ եթե 2010 թ-ին հղիության արհեստական ընդհատումների թվով Հայաստանը աշխարհում երրորդ երկիրն էր՝  Չինաստանից և Ադրբեջանից հետո, ապա 2016թ.-ին Հայաստանը  բարելավելով դիրքերը զարմացրել է աշխարհին՝ ասում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։ Նա կարծում է, որ սա պետություն- հասարակական սեկտոր համակարգված աշխատանքի արդյունքն է։

Back to top button