ԿարևորՔաղաքական

Պարույր Հայրիկյանը հայտարարությամբ է հանդես եկել

Քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը: Նա ասել է, որ ընտրություններից 4 օր առաջ մենք պարտավոր ենք ընդհանրական գնահատական տալ քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած երեւույթներին։ «Հունուարի 21-ից 31-ը Հայրիկյանի վարկանիշի կայուն աճը արձանագրում էին բոլորը, նույնիսկ չկամեցողները նրա անունը նշում էին առաջին եռյակում։ Հունվարի 31-ի մահափորձը ընտրապայքարից դուրս դրեց հիմնական թեկնածուներից մեկին։ Դա աշխարհի որեւէ երկրում կզգաստացներ մյուս թեկնածուներին։ Ահաբեկչությանը հակադարձելով՝ մի խումբ մտավորականներ համացանցում դիմեցին բոլոր թեկնածուներին՝ կոչ անելով նրանց հանել իրենց թեկնածությունները։ Սակայն նրանք ամենայն հանգստությամբ, ասես ոչինչ տեղի չի ունեցել, շարունակում էին իրենց քարոզարշավը։ «Շահեկան» իրավիճակ էր. թեկնածուները, ըստ էութեան, դարձել էին այդ սպանությունը պատվիրողների դաշնակիցը»,-ասել է Պարույր Հայրիկյանը: Նա նկատել է, որ միայն Սերժ Սարգսյանն է ընդհատել քարոզարշավը, այն էլ ՝ մեկ օրով: Հայրիկյանն ասել է, որ այսպիսի իրավիճակում եղել է 1990 թվականին, երբ ահաբեկիչներն իրեն ասպարեզից հեռացրել էին եւ Հայաստանի Գերագույն Խորհրդի ընտրություններ էին կազմակերպում։ «Բայց ժողովուրդը՝ ընտրողը դարձավ հիմնական դերակատարը։ Ես Հայաստանից հեռացված լինելով ձայների 90%-ը ստացայ ու որպես պատգամավոր վերադարձա հայրենիք։ Հիմա էլ նույն իրավիճակն է։ Միայն ժողովուրդը կարող է շտկել ստեղծված վիճակը»,-հայտարարել է Պարույր Հայրիկյանը։

Back to top button