Հենակետերի տեղափոխման հարցը՝ Նալբանդյան-Մամեդյարով հանդպիպման օրակարգում


ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում վաղը նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում՝ ՄԽ միջնորդների մասնակցությամբ Ավստրիայում:
Ինչ նոր ասելիք կա սպասվող հանդիպման ընթացքում` հաշվի առնելով վերջին օրերի լարվածությունը։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով՝ միջազգային հանրությունը այնքան էլ ուշադրություն չդարձրեց Բաքվի կողմից ԻՊ համանման գործելաոճի դրսևորմանը: Այստեղ գլխավոր հարցը, թերևս, այն է, թե ինչու է Ադրբեջանը հենակետը տեղակայում քաղաքացիական բնակավայրում: Ըստ այդմ՝ վերջին օրերի լարվածությունը հիմք է տալիս հայկական կողմին հանդիպմանը ներկայանալ նոր հարցադրումներով:
«Սա նոր կռվան է լինելու առաջ քաշելու ժնևյան կոնվենցիայի կատարման հարցը։ Այսինքն՝ քաղաքացիական բնակավայրերի մոտակայքից հենակետերի տեղափոխման հարց պետք է դրվի օրակարգում»:
Որպեսզի համանման դեպքեր չկրկնվեն, անհրաժեշտ է հետաքննության մեխանիզմներ ներդնել։ Այն է՝ իրագործել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։ Ստյոպա Սաֆարյանի կարծիքով ՝ դրանց կատարումն առաջնահերթ է լինելու առաջիկա հանդիպման ժամանակ. «Այն, ինչ երրորդ տեղում էր, առաջ պետք է բարձրանա»:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը համոզված է, որ ցանկացած հանդիպում, բանակցություն ավելի լավ է, քան՝ պատերազմը։ Այդ առումով ավստրիական հանդիպումը նա դրական է գնահատում.« 30 տարի է, ինչ ընթանում են բանակցություններ և այս ընթացքում սադրանքի քաղաքականության հարցում հմտացել է Բաքուն. էական հարցի լուծում չի ակնկալում սպասվող հանդիպումից»:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը երեկ՝ նստաշրջանի ավարտին ընդունած փաստաթղթում ափսոսանք է հայտնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորում առաջընթացի բացակայության համար։ Վեհաժողովը կողմերին կոչ է անում առարկայական բանակցություններ սկսել, իսկ Մինսկի խմբի համանախագահներին հորդորում է ակտիվացնել ջանքերը։
Մինսկի խմբի համանախագահներից ոչ թե գործուն ջանքեր ենք ակնկալում, այլ՝ էֆեկտիվ պարտադրանք, ադրբեջանական կողմին` վերադառնալու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման ընթացքին` ասում է ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների Վիեննայում կայանալիք հանդիպմանը: Նա համոզված է՝ քանի դեռ բանակցային միջավայրը վերականգնված չէ՝ հնարավոր չէ խոսել կարգավորման առարկայական դետալների մասին:
Ընթանում են բանակցություններ՝ բանակցությունների վերականգնման մասին` ասում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը և նկատում, որ վաղը նախատեսվող հանդիպումը հերթական հնարավորությունն է՝ վերադառնալու գործընթացի կառուցողական հունին:
«Հայկական կողմը, մասնավորապես, խորհրդարանական դիվանագիտության խողովակներում պետք է նպատակ դարձնի Ադրբեջանի հանդեպ, եթե ոչ համաշխարհային, ապա խոշոր միջազգային կամ եվրոպական կառույցների կողմից պատժամիջոցների փաթեթի մշակման հնարավորությունը: Այդ գործիքակազմը, նրա խոսքով, իրավական առումով միջազգային ինստիտուտներ ունեն, դրանք ներառում են ֆինանսատնտեսական պատժամիջոցներից մինչև քաղաքական սանկցիաներ»:
Հաշվի առնելով, օրինակ, Ադրբեջանի տնտեսության անփառունակ վիճակը, հանձնաժողովի նախագահը համոզված է, որ անգամ ֆինանսատնտեսական սանկցիաները կարող են օգտակար լինել Բաքվի համար: Դիվանագիտական խաղի դաշտը բավականաչափ նեղ է, և այդ դաշտում պետք է տեղավորել հայկական ջանքերը, որոնք այս դեպքում ամբողջությամբ համահունչ են ՄԽ համանախագահների մոտեցումներին։