Ջրի խնդիր՝ աստղաձորցիները փակել են միջպետական ճանապարհը (լուսանկարներ)


Այսօր վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բնակիչները փակել են Վարդենիս-Երևան միջպետական ճանապարհը: Նրանք դժգոհում են իրենց համայնքի ջրամատակարարումից: Աստղաձորցիները ոռոգման և ջրի խնդիրը լուծելու համար նոր պոմպեր են պահանջում:
Գյուղացիները հայտարարում են, որ ամեն տարի այս շրջանում իրենք նույն խնդրի առջև են կանգնում: Խմելու և ոռոգման ջուր չունեն, ջուրն իրենց հասնում է պոմպերով: Դրանք էլ շատ հին են. «40 տարվա պոմպեր են, թող բերեն փոխեն»,- ասում են աստղաձորցիները:
Ոստիկանության Մարտունու բաժնի պետ Կարեն Սերոբյանի հորդորով՝ նրանք բացել են Վարդենիս-Երևան միջպետական ճանապարհը: Ոստիկանապետը համոզել է, որ ճանապարհ փակելը խնդրի լուծում չի: Աստղաձորի բնակիչները ժամանակին ճանապարհ փակելով Կարեն Սերոբյանի աջակցությամբ լուծել են նաև իրենց համայնքի էլեկտրանէերգիայի խնդիրը: Այժմ այս եղանակով ցանկանում են լուծել ջրի խնդիրը: