Ապահով Հայաստան տանող ճանապարհը հնարավոր է հաղթահարել միասնական աշխատանքով
Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»
ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպումները Գեղարքունիքի մարզում եզրափակվել են այսօր Գավառ քաղաքի ընտրողների հետ հանդիպմամբ: Մինչ հրապարակում ելույթ ունենալը` Սերժ Սարգսյանը մասնակցել է սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պսակադրության, ինչպես նաեւ` եկեղեցու բակում կազմակերպված Տըրընդեզի արարողություններին:
Ընտրողների աջակցությունը խնդրելով` նախագահի թեկնածուն ծրագրային դրույթներից առանձնացրել է սոցիալական ոլորտը` նշելով, որ այս ընթացքում հազարավոր մարդկանց հետ է հանդիպել` տեսնելով թե ինչի մասին են մտածում եւ ինչ են ցանկանում:
Սերժ Սարգսյանը շեշտել է, որ դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհը հնարավոր է հաղթահարել միմիայն միասնական աշխատանքի միջոցով: Այդ ճանապարհն էլ պատվով անցնելու համար թեկնածուն խոստանում է ստեղծել արժանապատիվ ապրելու համար հնարավորություն յուրաքանչյուրի քաղաքացու համար: