Մշակույթ

Շքեղ ծրագիր. խոստանում են «Ոսկե ծիրանի» կազմակերպիչները


Երևանի քաղաքապետարանի և «Ոսկե Ծիրան» փառատոնի համագործակցության արդյունքում` կան մի շարք նախաձեռնություններ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի մի շարք վայրերում բացօթյա միջոցառումներ են նախատեսված, որոնք այս փառատոնի բաղկացուցիչ մասն են դառնալու: Ներկայացնելով փառատոնի ծրագիրը՝ Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը հայտնել է, որ բացօթյա ֆիլմերի ցուցադրությունից բացի  կլինեն նաև համերգային ծրագրեր Շառլ Ազնավուրի հրապարակում ամեն երեկո՝ ժամը 21:00-23:00, ելույթ կունենան տարաբնույթ ջազ խմբեր, ջազային մեկնաբանությամբ կհնչի  կինոերաժշտություն:

 

 

Հուլիսի 9-16-ը քաղաքն ապրելու է «Ոսկե ծիրանով»: Եթե մինչև հիմա «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի բացօթյա դիտումները տեղի էին ունենում Կարապի լճի տարածքում և «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, ապա բացօթյա կինոցուցադրությունների աշխարհագրությունն  այս տարի  ընդլայնվել է՝ ներկայացնելով փառատոնի ծրագիրը՝ հայտնեց քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:

Կլինեն ինչպես փառատոնային ֆիլմեր, այնպես էլ հոբելյանական ցուցադրություններ և համերգային ծրագրեր: Փառատոնի հիմնադիր և տնօրեն Հարություն Խաչատրյանը խոստանում է շքեղ ծրագիր:  Անդրադառնալով վերջին օրերին համացանցում շրջանառվող տեղեկությանն ու բուռն քննարկումերին , որ «Ոսկե Ծիրան 2017» միջազգային կինոփառատոնի շրջանակներում նախատեսվում է  ցուցադրել սեռական փոքրամասնություններ ներկայացուցիչների մեկ գեղարվեստական և մեկ փաստավավերագրական ֆիլմ, փառատոնի տնօրենը նկատեց, որ փառատոնի ծրագիրը երբևէ հանրության դժգոհությունը չի առաջացրել:

«Ոնչնչից աղմուկ սարքեցին, երեւի մեկին պետք էր աղմուկ սարքել: Կինոմիության նոր ղեկավարները հայտնեցին, որ այսպիսի ծրագիրը  չեն կարող ցուցադրել, եւ նման սգի մեջ չենք կարող աժիոտաժ ստեղծել, դե գիտեք անսպասելի մահացավ Ռուբեն Գեւորգյանցը: Հույս ունեմ, որ ծրագիրը կփորձենք մյուս տարի ցուցադրել»:

Հարություն Խաչատրյանը հույս հայտնեց, որ մյուս տարի հոբելյանական 15-ամյակին կլինեն  ավելի լավ ֆիլմեր, քան՝ այս տարի: Դե իսկ այս տարի «Ոսկե ծիրան 2017»-ը ստացել է մոտ 1100 հայտ: Մրցութային եւ արտամրցութային ծրագրերում ընդգրկվել է ավելի քան 100 ֆիլմ:

Այս տարի բացման արարողության շրջանակներում Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի կունենա Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի եւ Սերգեյ Իսրայելյանի աստղերի բացումը:

Back to top button