Պատերազմի պատրաստությունն այսպես չի լինում. Ալեքսանդր Իսկանդարյան


ՄԱԿ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի կապակցությամբ հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը: ՄԱԿ-ի ներկայացուցիչը հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել զերծ մնալ ռազմական որևէ գործողությունից և քայլեր ձեռնարկել իրավիճակի բարելավման և բռնությունների կանխարգելման ուղղությամբ: «Ինչպես ՄԱԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է 2017թ-ի հունիսի 22-ի իր ելույթում՝ մենք շարունակում ենք մտահոգված մնալ վատթարացող իրավիճակի կապակցությամբ, այդ թվում՝ հրադադարի վերջին խախտումներով շփման գծում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամբողջ շրջանում: Բանակցային սեղանի շուրջ վերադառնալն այս տևական և վտանգավոր հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է»,-հայտարարել է մամուլի քարտուղարը: Սահմանային լարվածությանն են անդրադարձել քաղաքագետներն ու դիվանագետները:
Որ սահմանագոտում լարվածությունն անխուսափելի է, որ կրակոցներ կլինեին՝ հասկանալի էր վաղուց։ Դա տրամաբանական է և ժամանակ առ ժամանակ իրավիճակի թեժացում կլինի՝ ասում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նա վերջին օրերին Բաքվի բարձրացրած վայնասունն ու մահացած երեխայի լուսանկարների տարածումը ռազմական գործողությունների նախապատրաստում չի համարում:
«Պատերազմի պատրաստությունն այսպես չի լինում, լրիվ այլ կերպ է լինում: Երբ մարդիկ պատրաստվում են պատերազմի նրանց անհրաժեշտ է հանկարծակիությունը, համապատասխանաբար դրա համար լռություն է պետք ռազմական գործողություններից առաջ»:
Երեխայի մահվան մեղավորը պաշտոնական Բաքուն է, որը հենակետերը տեղակայում է գյուղերում՝ թաքնվելով խաղաղ բնակչության թիկունքում։ Սահմանագոտում լարվածությունը կանխելու միջոց կա, ըստ քաղաքագետի, եւ դա հետաքննության մեխանիզմների ներդրումն է։ Հենց դրա մասին էին կողմերը համաձայնություն ձեռք բերել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում, սակայն Ադրբեջանը հրաժարվում է հանձնառությունից, որպեսզի իր ագրեսիվ վարքագիծն ի ցույց չդրվի:
Բացի դա՝ Արցախին ՊՆ- ն այսօր անդրադառնալով երկու օր առաջ տեղի ունեցածին՝ նշում է, որ ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը շարունակում է հավատարիմ մնալ ստի և կեղծիքի վրա հիմնված իր քաղաքականությանը: Հերթական նման դրսևորումը տեղի ունեցավ երեկ, երբ Ադրբեջանի պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների և գլխավոր դատախազության կողմից կազմակերպվեց այդ երկրում հավատարմագրված ռազմական կցորդների և օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների այցը Ալխանլու բնակավայր, որտեղ իբր թե նրանց տրամադրվել են ադրբեջանական կրակակետերի և ռազմական շտաբի բացակայության մասին «անհերքելի» ապացույցներ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Արցախի պաշտպանության բանակը երբեք քաղաքացիական բնակչությանը և օբյեկտները չի թիրախավորել: Բայց երբ հակառակորդը, իր բնակչությունն օգտագործելով որպես կենդանի վահան, խաղաղ բնակավայրերում տեղակայված կրակակետերից կրակ է բացում արցախյան դիրքապահների ուղղությամբ, ապա այդ կրակակետերը ինչպես միշտ, այսուհետ ևս լռեցվելու են: Եվ, հավատարիմ մնալով փաստերի լեզվով խոսելու հայկական կողմի մարտավարությանը, նախարարությունն իր կայքում տեղադրել է տեսանյութ, որում պարզ երևում է Ալխանլու բնակավայրին կից տարածքում տեղակայված հրանոթը:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը տարածված տեսագրությունների մասին խոսելով նկատում է, որ թեև համացանցով տարածված է կատարվածի տեսագրությունը, սակայն ավելի գործուն միջոց է մահացած երեխայի լուսանկարի տարածումը. «Դրանից հետո մտնել համացանց, փորձել հասկանալ, թե ինչպես է դա եղել, որտեղ է կատարվել, լսել հայկական կողմի պարզաբանումը՝ իրատեսական չէ, քանի մարդ կարող է դա անել Ադրբեջանում»:
Ժնևյան կոնվենցիաներով արգելվում է հենակետ տեղակայել քաղաքացիական անձանցով բնակեցված վայրերում՝ ևս մեկ անգամ հստակեցրեց է քաղաքագետը:
Արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանն էլ Բաքվի բարձրացրած վայնասունին հակադարձելու կողմնակից է:
Այն, ինչ կատարվում է այսօր, հայ ազգի ոչնչացման՝ արմենոցիդ քաղաքականություն է՝ համոզված է դիվանագետը։ Հենց սրա մասին պետք է հասցնել միջազգային ատյաններին՝ ասում է: