Քաղաքական

Ադրբեջանը չի ցուցաբերում ադեկվատության որևէ նշան․ Արծրուն Հովհաննիսյան

«Ադրբեջանը խոսում է խաղաղության մասին՝ օգտագործելով յուրաքանչյուր միջոց հայի նկատմամբ ամենափոքրիկ ադրբեջանցու մեջ անգամ թշնամանք սերմանելու համար: Այս երկիրը չի ցուցաբերում ադեկվատության որևէ նշան, ինչը ոչ միայն խաղաղության հաստատման, այլև ամենասովորական հարևանություն անելու հնարավորությունն է ի չիք դարձնում». «Ռադիոլուր»-ին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակը անդրադարձել է Ադրբեջանի սահմանային վերջին արկածախնդրությանը:

 

Ադրբեջանն իր զորավարժություններն ավարտել էր, սահմանին համեմատաբար հանգիստ էր ու հանկարծ՝ նոր սադրանք: Ձեռագիրն այնքան ծանոթ  ու պարզունակ է՝ վստահորեն պնդելու համար, որ Ադրբեջանի սադրանքը ահաբեկիչներին զինելու միջազգային սկանդալից շեղելու  նպատակ էր հետապնդում:

Այն, որ ի դեմս Ադրբեջանի, գործ ունենք ահաբեկչական պետության հետ, հայկական կողմը պնդել է բազմիցս, ահաբեկիչներին զինելու հարևան պետության մասին վերջին լուրեը միայն գալիս են հիմնավորելու հայկական կողմի պնդումները:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով, Ադրբեջանը ահաբեկչական գործողություններ հովանավորող պետություն է: Այդ ահաբեկչությունն  ուղղակիորեն իրականացրել ու շարունակում է իրականացնել հայ ժողովրդի դեմ, իսկ այսօր արդեն միջազգային ահաբեկչությանն աջակցելու  փաստեր են ի հայտ գալիս: Ինչ վերաբերում  է Ադրբեջանի սադրանքին, ըստ Հովհաննիսյանի այն իրականացվել է միջազգային բազմաթիվ նորմերի խախտմամբ:

Հուլիսի 4-ին ՊԲ դիրքերի ու հենակետերի ուղղությամբ ադրբեջանական  հրետակոծության ու հայկական կողմի պատասխան հարվածներից հետո կրկին շրջանառության մեջ դրվեց թեման՝ Ադրբեջանի  բանակն իր մարտական դիրքերը տեղակայում է  սեփական բնակավայրերի մոտ, պատասխան հարվածի թիրախ դարձնելով սեփական ժողովրդին: Ըստ Հովհաննիսյանի այս փաստը պետք է հասցնել և Ադրբեջանի ժողովրդին, և՛ միջազգային հանրությանը:

Ադրբեջանի հանրությունը պետք է գիտակցի, որ ռազմական գործողությունների թիրախում հայտնված երկու տարեկան փոքրիկի մահվան պատասխանատուն  Ադրբեջանի իշխանությունն է, որն այսօր քարոզչության անընդունելի մեթոդներով պարզապես շահարկում է երեխայի մահը: Ադրբեջանի անառողջ քարոզչության հերթական դրսևորումը. որակում է Արծրուն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով  փոքրիկի մահվանը Արցախի  պաշտպանության բանակի  տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնի պետ  Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.  «Թշնամի երեխա չի լինում, առավել ևս… երկու տարեկան, բայց լինում են դեպքեր, երբ վախկոտ անգլուխների մեղքով երեխա է զոհվում: Այդպես եղավ հուլիսի 4-ի երեկոյան, երբ խաղաղ բնակչության թիկունքում թաքնված ադրբեջանական «հզոր» բանակի ասկյարը հայկական ուժերի դեմ կիրառելով ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, թիրախավորեց ոչ այլ ում, քան հենց երկու տարեկան աղջնակին… Ի տարբերություն նեոլիթյան մտածողությամբ մեր հարևանների, մենք ստիպված ենք ցավով արձանագրել այս փաստը և ափսոսանք հայտնել »:

Back to top button