

Հայաստանը երբեք չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին՝ հուլիսի 4-ին ադրբեջանական կողմի սադրանքից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում սպասվո՞ւմ է: «Հայաստանը երբեք չի հրաժարվել բանակցություններից թե՛ ամենաբարձր մակարդակով, թե՛ նախարարների մակարդակով: Ես մի քանի օր առաջ ասել եմ՝ բացառված չէ, որ հուլիսին արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում լինի: Բանակցություններն այլընտրանք չունեն»,- ասել է Նալբանդյանը:
Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի լարմանը հաջորդած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ Նալբանդյանն ընդգծել է, որ համանախագահներն անմիջապես պետք է արձագանքեին, ինչն արել են:
«Բայց մինչև այդ արձագանքը, մենք խոսել էինք թե՛ եռանախագահների, թե՛ Անջեյ Կասպշիկի հետ»:
Ադրբեջանական կողմը սկսել է շահարկել երկու տարեկան երեխայի մահը: «Դիվանագիտությունը մամուլով և հեռուստատեսությամբ չի վարվում: Այն մասով, ինչքան կարող ենք իրազեկել այդ մասին, իրազեկում ենք: Երեկ թե նախարարության մամուլի խոսնակի, թե արտաքին գործերի փոխնախարարի հայտարարությունները մեր արձագանքն էր ադրբեջանական սադրանքին և պատասխանում էր բոլոր հարցերին»,- նշել է Նալբանդյանը: