Վերլուծական

Բաքվի հերթական սադրանքը՝ ահաբեկիչներին զինելու սկանդալից շեղելու համար


Կրկին լարվածություն սահմանագոտում, հայկական կողմը պատասխան գործողություններ է ձեռնարկել ու լռեցրել հակառակորդին: Կատարվածին գնահատական է տվել ԵԱՀԿ ՄԽ-ն ու կոչ արել հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։ Քաղաքագետը կատարվածը պայմանավորում է Բաքվի կողմից ահաբեկիչներին զինելու գաղտնի տեղեկության հրապարակմամբ:

 

Հերթական անգամ լարվածություն սահմանագոտում. երեկ երեկոյան ադրբեջանական կողմը ինտենսիվ  կրակոցներ է արձակել Արցախի ուղղությամբ՝  կիրառելով TR-107 համազարկային հրթիռային կայանք: Իրականացվող կրակային խոցման տեսագրությունից հատվածներ է հրապարակել Արցախի ՊԲ պաշտոնական կայքը: Այնտեղ հստակ ի ցույց  է դրվում, որ հայկական կողմը պատասխան կրակ է բացել ժամը 20:31-ին, այսինքն՝ հակառակորդի կողմից մինչ այդ մի քանի անգամ ձեռնարկված կրակային հարձակումից հետո միայն: Ներկայացվող ձայնագրությունում առկա հակառակորդի խոսակցությունները վկայում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններն իրականացվել են ադրբեջանական կրակակետի ուղղությամբ, որը, հակառակորդի սովորության համաձայն, տեղակայվում է բնակելի վայրերում՝ կենդանի վահան դարձնելով խաղաղ բնակչությանը: Ըստ այդմ՝ Արցախի զինուժը վնաս է հասցրել Ադրբեջանի Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին, հակառակորդը կորուստներ ունի: ՊԲ-ի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ այս պահի դրությամբ իրավիճակը հանդարտ է:

Հարկ է նշել,  որ ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները  տեղեկատվություն հրապարակեցին, թե իբր զորամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են ՊԲ 3 զինծառայողներ։ Տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում՝ շտապ հետեւեց ՊԲ հերքումը։  Ի տարբերություն ադրբեջանական կողմի, Արցախի պաշտպանության նախարարությունը հավատարիմ է իր թափանցիկ գործելաոճին և տեղ գտնող միջադեպերի վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն է հրապարակում, իսկ հակառակորդ երկրի նմանաբովանդակ ապատեղեկատվություններն ուղղված են բացառապես ներքին լսարանի համար՝ նշված էր հաղորդագրության մեջ:

Տեղի ունեցածի կապակցությամբ հայտարարություն է տարածել ԵԱՀԿ ՄԽ- ն։ Միջնորդները կոչ են անում ԼՂ հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։

Բռնությունը միայն նոր բռնություն է ծնում և ոչնչի չի բերում: Կողմերի՝ բարի կամքի դրսևորմամբ բանակցային սեղանի շուրջ վերադարառնալն այս երկարատև հակամարտության կարգավորման պատասխանատու և մարդասիրական միակ ճանապարհն է՝ ասված է միջնորդների հայտարարությունում՝ զետեղված է ԵԱՀԿ կայքում: Ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում եւս մեկ անգամ շեշտեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Այս առումով նա ողջունում է համանախագահների հայտարարությունը:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը սահմանագոտում այս լարվածությունը պայմանավորում է  բուլղարական լրատվամիջոցներով վերջերս գաղտնազերծված տեղեկությամբ։ Ադրբեջանը 350 դիվանագիտական չվերթներ է օգտագործել ահաբեկիչներին զենք հասցնելու համար։ Սա լուրջ ահազանգ պետք է լինի ողջ միջազգային հանրության համար՝ ասում է նա:

Քաղաքագետը  ընդհանուր առմամբ գնահատելով իրավիճակը՝ նշեց, որ դեռ 2014 թվականի ամառվանից է հակառակորդը սրում իրավիճակը, և նպատակը բանակցություններում իրավիճակի փոխելն է։

Վեց օրից Ավստրիայում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները միջնորդների մասնակցությամբ դարձյալ կհավաքվեն բանակցային սեղանի շուրջ՝ քննարկելու ղարաբաղյան խնդիրը: Մինչ այդ՝ ՊԲ-ի մամուլի քարտուղարը վստահեցնում է, որ ինչպես այս պահին, այնպես էլ  միշտ հայկական կողմը պատրաստ է կատարել  ցանկացած  մարտական խնդիր:

Back to top button