Ամուլսարի հանքավայրի շահագործման աղետալի ու անդառնալի վնասները


Ամուլսարի հանքավայրի շահագործման վնասները ոչ միայն ակնհայտ են ու աղաղակող, այլ նաեւ կան ապօրինի գործողություններ՝ այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Բաց եղանակով հանքավայրի շահագործման աղետալի հետեւանքների ու անդառնալի վնասների մասին են շարունակում բարձրաձայնել նաեւ ակտիվիստ-բնապահպանները: Ամուլսարի հանքավայրի ծրագիրն իրականացնող Լիդիան Արմենիա ընկերության ներկայացուցիչը, մինչդեռ, մեր գործընկերոջ հետ զրույցում անդրադառնալով այդ ահազանգերին, շեշտել է, որ իրենք մասնագետ-բնապահպանների հետ 2011 թվականից աշխատել-ուսումնասիրություններ են անցկացրել եւ կարծում է, որ տվել են բոլոր հարցերի պատասխանները: Ընկերության ներկայացուցիչը, շեշտել է, որ այդուհանդերձ, իրենք բաց են եւ պատրաստ կառուցողական քննարկումների համար:
Ամուլսարի հանքավայրի շահագործման վերաբերյալ եզրակացություն տված ընկերության 7 փորձագետները իրենց փաստաթղթում անկեղծորեն խոստովանում են, որ ջրի հետ կապված ուսումնասիրություններ չեն արվել՝ այսօր նկատեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Ըստ նրա՝ ըստ էության դա խոսում է ապօրինի գործողությունների առկայության մասին.
«Ասել է, թե մինչ այս թույլտվությունը ստացել են՝ առանց այդ ուսումնասիրությունների: Մնացածը թողնում եմ ձեր դատողություններին»:
Ըստ տնտեսագետի՝ Ամուլսարի հանքավայրի շահագործմամբ անդառնալի, աղետալի վնաս է հասցվելու հատկապես ջրային պաշարներին, նաեւ հարյուր միլոնավոր դոլարների վնաս է հասցվելու ընդամենը 14 կմ հետավորության վրա գտնվող Ջերմուկ առողջարանային քաղաքին:
Լիդիան Արմենիա ընկերության կայուն զարգացման գծով ավագ ղեկավար Արմեն Ստեփանյանը, մինչդեռ, մեզ հետ զրույցում ասաց, թե չի կիսում ջրերի հետ կապված մտահոգությունները:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այսօր նաեւ ասաց, թե հանքի շահագործմամբ Լիդիան Արմենիա ընկերությունը 3.2 միլիարդ դոլարի շահույթ է ակնկալում, սակայն, իրականում շահույթը շատ ավելին է, մինչդեռ, Հայաստանին եկող զուտ շահույթը անհամեմատ ավելի քիչ է ներկայացված ծրագրերում: Լիդիան Արմենիա ընկերության ներկայացրած ծրագրերի, փաստաթղթերի նկատմամբ վստահության հիմք ընդհանրապես չի տեսնում Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ պայքարող բնապահպան Լեւոն Գալստյանը:
Մինչդեռ, ըստ բնապահպանի, անկախ փորձագետների 20 հոգանուց խումբն անցկացրել է անկախ փորձաքննություն եւ եզրահանգել, որ ընկերությունն, ըստ էության, լիարժեք չի կատարել ուսումնասիրությունները եւ վտանգները լիարժեք չի ներկայացրել:
Ինչպես տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, այնպես էլ բնապահպան Լեւոն Գալստյանը համոզված են, որ Ամուլսարի հանքավայրի՝ հատկապես բաց եղանակով շահագործման արդյունքում ավելի մեծ, ահռելի վստանգավոր եւ անդառնալի են այն էկոլոգիական հետեւանքները, քան այն օգուտը, որ ենթադրյալ 400 մլն դոլար գումարի տեսքով պետք է մուտք գործի պետական բյուջե: Աղետ, որը նրանց խոսքով, պետք է կանխվի:
Անդրադառնալով Ամուլսարի ծրագրի հետ կապված բնապահպանների մտահոգություններին ընդհանրապես՝ Լիդիան Արմենիա ընկերության կայուն զարգացման գծով ավագ ղեկավար Արմեն Ստեփանյանը, մինչդեռ, ասաց, որ Ամուլսարի հետ կապված իրենք մասնագետ-բնապահպանների հետ երկար ժամանակ՝ 2011-ից սկսած համատեղ աշխատանք են իրականացրել ծրագրի շրջանակում:
Ակտիվիստ-բնապահպաններն էլ ունեն մտահոգություն հայտնելու իրավունք: Ընկերության պարտավորությունն է այդ մտահոգություններին արձագանքել գիտատեխնիկական թվերով ու հիմնավորումներով, ինչը արել են ու պատրաստ են անել միշտ՝ եզրափակեց Ամուլսարը շահագործող ըներության պատասխանատու-ներկայացուցիչ Արմեն Ստեփանյանը: