Քաղաքական

Էդմոն Մարուքյանը Լորդերի պալատում ներկայացրել է Արցախի խնդիրը եւ առաջարկ արել

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում  ընդունել է Լորդերի պալատի նորընտիր խոսնակ Լորդ Ֆովլերը։

«Լուսավոր Հայաստանից» հայտնում են, որ հանդիպման ընթացքում Լորդերի պալատի խոսնակը ներկայացրել է պալատի գործունեությունը, ինչպես նաեւ խորհրդարանական վերահսկողության բրիտանական պառլամենտարիզմի փորձը։ Լորդերի պալատի խոսնակը հետաքրքրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության, «Ելք» խմբակցության գործունեությամբ, ինչպես նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրներով։

Հանդիպման ընթացքում Էդմոն Մարուքյանը ներկայացրել է Հայաստանի քաղաքական համակարգի առանձնահատկությունները, արտաքին մարտահրավերները, Արցախի հիմնախնդիրը եւ դրա կարգավորման վերաբերյալ Հայաստանի տեսլականը:

Էդմոն Մարուքյանը ՀՀ ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի շրջանակներում նաեւ կատարել է համագործակցության առաջարկ, որի արդյունքում կստեղծվեն խորհրդարանական վերահսկողության բրիտանական փորձի փոխանակման հնարավորություններ։

Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հրավերով գտնվում է Լոնդոնում, որտեղ բազմաթիվ հանդիպումներ է ունենում  կառավարության, խորհրդարանի, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Back to top button