Մշակույթ

«Արմենիա». գլխավոր մրցանակը՝ 10 հազար եվրո

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի (European Foundation for Support of Culture) նախաձեռնությամբ Երևանում հուլիսի 4-12-ը կանցկացվի «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնը:

Մրցույթին մասնակցելու հնարավորություն կստանան մինչև 34 տարեկան դաշնակահարներ: Առաջին անգամ Հայաստանում անցկացվող մրցույթի մրցանակային ֆոնդը 20 000 եվրո է (առաջին մրցանակ՝ 10 000 եվրո, երկրորդ մրցանակ՝ 5 000 եվրո, երրորդ մրցանակ՝ 3 000 եվրո և հատուկ մրցանակ՝ 2 000 եվրո): Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են հայտնի 5 երաժիշտ-կատարողներ՝ աշխարհի տարբեր երկրներից:

Մրցույթը կանցկացվի երկու փուլով: Լավագույն 5 դաշնակահարները բացառիկ հնարավորություն կստանան 2018 թվականին մասնակցելու Մալթայում անցկացվող դաշնակահարների միջազգային մրցույթին՝ Malta International Music Festival 2018-ի շրջանակում:

«Արմենիա» միջազգային առաջին փառատոնի ընթացքում համերգներով հանդես կգան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Մրցույթ-փառատոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի փոխանցմամբ, սա այն եզակի դեպքերից է, երբ դասական երաժշտությունը համախմբում է Հայաստանում գործող լավագույն խմբերին և աշխարհահռչակ մենակատարների:

Փառատոնային 9 համերգների ընթացքում ելույթ կունենան հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դաշնակահարներ Նարե Արղամանյանն ու Լիլիթ Գրիգորյանը, ջութակահարներ Ռոման Կիմն ու Ֆյոդոր Ռուդինը և այլք:

Փառատոնի գալա համերգին՝ հուլիսի 12-ին, հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը, որի մասնակցությունն այս նախագծին ինքնին մեծ հաջողություն է:

Մրցույթ-փառատոնն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարարության աջակցությամբ:

Back to top button