Հասարակություն

Ոստիկանությունը դեռ չի կարող ասել բռնություն եղել է, թե ոչ

Դատարանում  «Սասնա ծռեր» խմբի անդամների՝ ոստիկանների կողմից  ծեծի ենթարկվելու միջադեպն այսօր քննարկվել է նաև  խորհրդարանում: Օգտագործելով առիթը, որ 2016թ. բյուջեի կատարողականի  քննարկմանն շրջանակում խորհրդարան են եկել   իրավապահ համակարգի ներկայացուցիչները, պատգամավորները միջադեպին առնչվող տարբեր հարցեր են բարձրացրել:

 

Ոստիկանությունն առայժմ չի կարող ասել ՝  հունիսի 28-ին  Ավան և Նորք-Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ  ոստիկանների կողմից բռնություն կիրառելու միջադեպ եղել է թե ոչ՝ այսօր խորհրդարանում պատգամավոր  Մանե Թանդիլյանի հարցին ի պատասխան ասաց ոստիկանության պետի տեղակալ Անուբախ Համբարյանը: Վեևրջնական պատաստանները ոստիակնությունն, ըստ փոխոստիկանապետի, կունենա ծառայողական քննությունն ավարտելուց հետո:

«Մենք չենք կարող ասել՝ միջադեպ եղել է, թե՝ ոչ, իհարկե, ահազանգ եղել է: Նյութեր են նախապատրաստվում, կատարվում է ծառայողական քննություն տեսչությունում, նյութերը կուղարկվեն հատուկ քննչական ծառայություն»:

Փոխոստիկանապետի դիտարկումը, թե ոստիկանությունն առայժմ չի կարող պնդել , որ ծեծի միջադեպ եղել է, տարակուսելու առիթ տվեց «Ելք» խմբակցության ղեկավարին:

«Չեք կարծո՞ւմ, որ շատ վատ է, որ ոստիկանությունը դեպքի հանրային ահազանգից 24 ժամ հետո դեռ չի կարող նույնիսկ ասել՝ միջադեպ եղել է, թե՝ ոչ»:

Փաշինյանը տեղեկացրեց, որ երեկ եղել է  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում. վարչակազմն իրեն հավաստիացրել է, որ Արայիկ Խանդոյանը և Արեգ Կյուրեղյանը դատավարությունից քրեակատարողական հիմնարկ են վերադարձել մարմնական վնասվածքներով: Իսկ այդ ընթացքում   ամբաստանյալները եղել են  ոստիկանության ուղեկցող գումարտակի հսկողության տակ՝ փոխոստիկանապետին տեղեկացրեց Փաշինյանը :

«Այսինքն՝  նրանք առանց մարմնական վնասվածքների դուրս են եկել քրեակատարողական հիմնարկներից, մարմնական վնասվածքներով վերադարձել են՝ այդ ողջ ընթացքում լինելով ոստիկանության ուղեկցող գումարտակի հսկողության տակ: Այս փաստը ձեզ ինչ-որ բան ասո՞ւմ է, գոնե կարո՞ղ ենք կռահել՝ միջադեպ եղել է, թե՝ ոչ»:

Անուբախ Համբարյանն էլ փածինյանին բացատրեց՝  ահազանգը դեռ չի նշանակում, որ հանցագործություն է տեղի ունեցել:

«Իհարկե, մենք գրանցել ենք, զբաղվում ենք, կլինի հանցագործություն, կհաստատվի՝ կպատժվեն: Մենք ունենք ահազանգ, որով զբաղվում ենք, նշանակվել է ծառայողական քննություն»,- ասաց Անուբախ Համբարյանը:

Արդեն հաշվետվության ներկայացումից հետո լրագրողների հետ զրույցում  Անուբախ Համբարյանն ասաց, որ իր կարծիքով՝ ոստիկանության բոլոր գործողություններն իրավաչափ ենեղել, բայց նորից հղում արեց նշանակված ծառայողական քննաւոյթնաը և հորդորեց սպասել դրա արդյուքներին: Ի դեպ մի ծառայողական քննություն էլ դեռ 2016-ին նշանակվել էր հենց հուլիսյան դեպերի ժամանակ լրագրողների և  ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու միջադեպերի առնչությամբ:

«Այո, այն ժամանակ էլ է կատարվել ծառայողական քննություն: Գործով զբաղվել է հատուկ քննչական ծառայությունը, իսկ մեզ մոտ 7 մարդ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության»:

Ճշգրտող հարցին ի պատասխան էլ փոխոստիկանապետն ասաց, որ պաշտոնից ազատում չի եղել, եղել են կոչումի իջեցման, նկատողության և խիստ նկատողության դեպքեր:

Հավելեմ, որ ոստիկանությունը, ըստ այսօր ներկայացված կատարողականի,    2016-ին բյուջետային միջոցներից  օգտագործել է շուրջ  64 միլիարդ դրամ: Դրա կեսից ավելին ՝ մոտ 40 միլիարդ դրամը, ուղղվել է հասարակական կարգի պահպանությանը:

Back to top button