Վնասի փոխհատուցման այլ լուծում, քան ապահովագրության ինստիտուտի ներդրումն է, չկա. Իգնատի Առաքելյան


ԿԲ-ն ուսումնասիրում է կարկուտից տուժած գյուղացիների վարկային գծերը՝ մայր գումարի մարման հետաձգման ժամանակահատվածը որոշելու նպատակով: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի տեղեկացմամբ, հողի և ոռոգման ջրի վարձավճարների զիջման կամ հետաձգման հարցն էլ ուսումնասիրում է տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունը:
Ոլորտի պատասխանատուն մեկ անգամ ևս հայտարարեց՝ մինչև չներդրվի գյուղացիական ապահովագրության ինստիոտւտը, հնարավոր չի լինի կորցրած բերքի ամբողջ վնասը փոխհատուցել:
Առաքելյանի փոխանցմամբ, միայն 2016թ կարկուտից գյուղացիները բնակլիմայական աղետների հետևանքով կորցրել են մոտ 36 մլրդ դրամ: 2018թ կսկսվի ապահովագրության պիլոտային ծրագիրը, այն կտևի 3 տարի:
Հարցին՝ ի՞ նչ անի գյուղացին մինչ գյուղապահովագրության ինստիտուտի ներդրումը, նախարարը պատասխանեց՝ «ի՞նչ է արել մինչ այժմ»:
Վնասի փոխհատուցման այլ լուծում, քան ապահովագրության ինստիտուտի ներդրումն է, չկա: Մի քանի անգամ իր խոսքում նշեց Իգնատի Առաքելյանը: Նա լրագրողների հարցերին պատասխանեց կառավարության նիստից հետո: