Տնտեսական

Կարեն Կարապետյանն ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Կարեն  Կարապետյանն այսօր ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի  և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել «Հայաստանում Վրաստանի բիզնեսի օրեր» համաժողովի շրջանակում: Ֆորումն անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Հայաստանի և Վրաստանի վարչապետերի միջև՝ 2017 թ. փետրվարին Կարեն Կարապետյանի Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում:

Կառավարության ղեկավարը ողջունել է «Հայաստանում Վրաստանի բիզնեսի օրեր»-ի անցկացումը, ինչը կխթանի երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացումը և առկա ներուժի լիարժեք իրացման նոր հնարավորություններ կստեղծի: Վարչապետը, մասնավորապես, կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, նաև ազատ տնտեսական գոտիների շրջանակում տնտեսական և գործարար կապերի խթանման, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում համագործակցության զարգացմանն ուղղված կոնկրետ ծրագրերի իրականացումը:

Գիորգի Գախարիան իր հերթին նշել է, որ հաշվի առնելով Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ անհրաժեշտ է ջանքերն ուղղել առևտրատնտեսական համագործակցության աշխուժացմանը, և վրացական կողմը լիովին համակարծիք է ՀՀ վարչապետի նշած ուղղություններով փոխգործակցությունը զարգացնելու առաջարկության հետ: Այս համատեքստում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը վարչապետ Կարապետյանին է ներկայացրել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հետ այսօր կայացած քննարկումների արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունները:

Կարեն Կարապետյանը և Գիորգի Գախարիան մտքեր են փոխանակել նաև զբոսաշրջային ծրագրերի իրականացման, երկկողմ մշակութային կապերի ամրապնդման և երիտասարդության շրջանում փոխճանաչելիության բարձրացման նպատակով համատեղ ծրագրերի իրագործման հնարավորությունների շուրջ:

Back to top button