ԼՂ հարցը չի կարող լուծվել Ադրբեջանի համար օգուտով. Վիգեն Սարգսյան


«48-ից 26-ը ծառայել են, 2-ը ՀՀ քաղաքացիություն չունեն, մեկը պահեստազորի բժշկական սպա է, որը ակտիվ ծառայություն չի անցել, 6- ը տարկետման իրավունք ունի, իսկ 16-ը ազատված է ծառայությունից։ Կարծում եմ՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պետք է հաշվի առնեն, որ հանրային ուշադրությունը իրենց ընտանիքների հանդեպ մեծ է։ Այս պահին ունենք բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ, որոնք ծառայում են նաեւ առաջնագծում. երկուսն ունեն զորացրման ցուցում՝ պայմանավորված առողջությամբ, բայց զորացրում չենք իրականացնում, որովհետեւ կստացվի՝ պաշտոնյայի երեխա է, դրա համար զորացրեցինք»:
Զորակոչի թեման այսքանով չի ավարտվում։ Այս զորակոչից սկսած՝ հենց առաջին օրվանից ժամանելով հավաքակայան՝ մեր նորակոչիկներն անցնելու են բանակային սնունդի և տանից սնունդ բերելու անհրաժեշտություն այլևս չի լինի։ Մինչև համապատասխան զորամաս հասնելը՝ նորակոչիկները կստանան ճանապարհի համար անհրաժեշտ սննդի փաթեթները: Իսկ արդեն ծառայություն ընթացքում կաշխատեն որպեսզի տուլիկ ասվածը` այն է տնից ուղարկված լի կապոցները, պարբերական բնույթ չկրեն:
Եվ արդեն անցում լայնածավալ պատերազմի թեմային, որի մասին շատ է են խոսում քաղաքագետները, կանխատեսումներ անում։ Վիգեն Սարգսյանը նշում է, որ լայնամասշտաբ գործողություններ չեն լինի, քանի որ դա անուղղելի վնաս կարող է հասցնել և Ադրբեջանին, և Հայաստանին, հետեւաբար՝ դա կլինի անմտություն, բայց մեր հակառակորդն անկանխատեսելի է.
«Ես գրեթե համոզված եմ, որ լայնամասշտաբ պատերազմ պետք է չսկսվի պարզ պատճառով, որովհետև այդ պատերազմով Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել: Չկա այնպիսի զարգացում պատերազմական գործողությունների, որով Ղարաբաղի հարցը կարող է լուծվել Ադրբեջանի համար օգուտով, և ընդհակառակը՝ կա շատ մեծ ռիսկ, որ լայնամասշտաբ պատերազմի պարագայում Ադրբեջանը կարող է ստանալ անուղղելի վնաս՝ և՛ իր տնտեսության, և՛ պետության համար։ Ի դեպ, ես չեմ նվազեցնում այն վտանգները, որ լայնամասշտաբ պատերազմը կարող է ունենալ Հայաստանի համար: Բացարձակ մեկը մյուսին չի բացառում: Բայց մտածված գնալ լայնամասշտաբ պատերազմի՝ այս իրավիճակում անմտություն կլիներ Ադրբեջանի ղեկավարության կողմից»:
Սարգսյանը սակայն չի բացառում, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակելու են տարբեր սադրանքների դիմել սահմանին: Վերջինս հրապարակում է տվյալներ, ըստ որի՝ վերջին տաս օրվա ընթացքում, արդեն հաստատված տվյալներով ադրբեջանական կողմը ունի առնվազն 8 զոհ, որի մասին լռում է: Նախարարը անդրադառնում է նաև Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած այն տեղեկությանը, ըստ որի, ՌԴ-ն հարձակողական նոր սպառազինություն է մատակարարել Ադրբեջանին:
Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին բացասական է ընդունվում, քանի որ ադրբեջանական կողմն անկանխատեսելի է: Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին մեծ ռիսկեր է ստեղծում: Դժվար է հասկանալ, թե ինչ կանեն։ Մենք ունենք փոխգործակցության մեծ ծրագիր ՌԴ-ի հետ, մենք բավարարված ենք, թե ինչպես է դա կատարվում, և դա մենք ընդլայնում ենք: Դրանք ավելի կայունացնող են, մենք ստանում ենք զենք-զինամթերք ՌԴ-ից:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ Երևանում ընդունելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակային դժգոհություն էր հայտնել Ադրբեջան ռուսական սպառազինության մատակարարման կապակցությամբ։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանը պարզապես անտեսում է Հայաստանի դժգոհությունը, նախարարի պատասխանը շատ հակիրճ էր:
«Ոչ, այդպես չեք կարող ասել»:
Նախարարն անդրադարձավ նաև պաշտպանության նախարարությունում իրականացվող կառուցվածքային փոփոխություններին, ասաց ,որ խոսքը պարզապես հաստիք կրճատելու մասին չէ։ Այս պարագայում մեզ պետք են գործ անող մարդիկ, ոչ թե՝ պաշտոնյաներ, որոնք կղեկավարեն 2-3 մարդու։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կրճատվելու են, ստանալու են հնարավորություն ծառայությունը զորքերում շարունակելու համար: Նախարարը նշեց նաև, որ ԳՇ-ում և զորքերում ևս նախատեսվում են փոփոխություններ։
Եվ վերջում արդեն իր քաղաքական կարիերայի մասին արդյո՞ք Վիգեն Սարգսյանը 2018 թվականին Հայաստանի կառավարությունը ղեկավարելու ցանկություն ունի. «Ես մեծ ցանկություն ունեմ ի վիճակի լինել, որ պաշտպանության նախարարությունում իմ սկսած աշխատանքը հասցնեմ այն փուլին, որն ինձ թույլ կտա ասել, որ մենք այս ոլորտում ռեալ բաներ ենք փոխել: Դա իմ համար կլինի ամենամեծ պատիվը որպես ՀՀ քաղաքացու եւ որպես հայ մարդու՝ համարյա ամենամեծ երջանկությունն է: Ես շատ երջանիկ եմ, որ երկրի կառավարությունը ղեկավարում է փորձառու, շատ արդյունավետ կառավարիչ, իմ շատ վաղեմի ընկերը՝ Կարեն Կարապետյանը»: