2018-ին վարչապետի թեկնածությանը վերաբերող կանխատեսումները վաղաժամ են. Դավիթ Հարությունյան


Իսկ ահա արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կարծում է, որ 2018-ին վարչապետի թեկնածությանը վերաբերող բոլոր կանխատեսումներն այսօր վաղաժամ են: Նրա խոսքով՝ Հանրապետական կուսակցությունն ամեն շաբաթ քննարկումներ ունենում է, բայց և ոչ բոլոր հարցերն են նպատակահարմար համարվում այս փուլում հանրությանը ներկայացնելը: 2018-ի ապրիլին կարող է այլ իրավիճակ ունենաք՝ քաղաքական, արտաքին նոր մարտահրավերներ, որոնք կհուշեն, թե ինչ ճանապարհով պետք է առաջ գնալ: Այս մասին Դավիթ Հարությունյանը խոսել է Ազգային ժողովում: Խորհրդարանի մշտական հանձնաժողովները շարունակում են քննարկել բյուջեի կատարման հաշվետվությունը:
Բյուջե 2016-ի կատարողականի քննարկում ԱԺ մշտական հանձնաժողովներում, օր 3-րդ: Նախորդ տարվա ընթացքում արված- չարվածի, ծրագրված ու իրականացրած կամ չիրականացրածի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու հերթն այսօր իրավապահ ոլորտինն էր: Խորհրդարանում էին գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը, դատական դեպարտամենտի ղեկավարը, մարդու իրավունքների պաշտպանը և ոլորտի այլ բաձրաստիճան ներկայացուցիչներ: Լրագրողների հետ նրանց զրույցները ոչ թե բյուջեի կատարողականի, այլ ոլորտի հրատապ հարցերի մասին էին:
Իրավապահ ոլորտին առնչվող վերջին ուշագրավ զարգացումներից մեկը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի, մեկ այլ դատավորի և դատախազի ձերբակալությունն էր։ Դատավորներին որպես մեղադրյալ ներգրավվելու համար գլխավոր դատախազը միջնորդությամբ դիմել էր Արդարադատության խորհուրդ: Քրեական գործը հարուցվել էր առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու հիմքով: Ավելի ուշ պարզ դարձավ, որ դատավորները ձերբակալված չեն, բայց մարզի դատախազ Սևակ Շհոյանը անազատության մեջ է:
Անդրադառնալով այս գործին՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վստահեցնում է, որ սա կոնկրետ նախազգուշացում էր գործող բոլոր 337 դատախազների համար:
«Իմ որոշմամբ վերջերս ձերբակալվեց դատախազ և դրա մասին «քաջ գիտեն» բոլոր դատախազները: Բնականաբար, դժվար է բացառել, որ 337 դատախազներից որևէ մեկը երբևէ ներգրավված չի եղել կոռուպցիան գործընթացի մեջ, բայց եթե պարզ դարձավ այդպիսի իրավիճակ, եթե դրա վերաբերյալ եղավ համապատասխան հաղորդում, թույլ տվեք մի քիչ էլ օրենքը խախտեմ՝ այդ իրավիճակում լինելու ենք մի քանի անգամ խիստ»:
Արթուր Դավթյանը կարծում է, որ դատախազությունը երկու ընտրությունների ժամանակ էլ՝ Ազգային ժողովի և Երևանի ավագանու, գործել է առավելագույնս թափանցիկ: Հիշեցնում է , թե դատախազությունն ընտրությունների օրերին ինչ օպերատիվությամբ է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդագրություններ հրապարակել: Հանրությանը, սակայն , արդյունքներն են հետաքրքրում՝ դատախազին հիշեցնում են լրագրողները: 20 քրեական գործ հարուցվել է Ազգային ժողովի, 10-ը ՝ Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում է՝ ի պատասխան ասում է Արթուր Դավթյանը և վստահեցնում, որ բոլորի ընթացքում էլ առաջընթաց կա: Իսկ մեղադրյալնե՞ր:
«Մեղադրյալներ կան»:
Փոխարենը մեղադրայլներ առայժմ չկան լրագրողների նկատմամբ շատ ավելի վաղ կիրառված բռնությունների գործերով: Խոսքը 2015թ. Բաղրամյան պողոտայում և 2016-ին Սարի թաղում արձանագրված միջադեպերի մասին է, և մինչ օրս որևէ իրավապահ պատասխանատվություն չի կրել։ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասում է ՝բոլոր հնարավոր եղանակներով լրագրողների պաշտպանությունն իր աշխատանքի ամենակարևոր ուղղություններից մեկն է համարում: Պաշտպանը համաձայն է, որ քրեական հետապնդում իրականացնելու հարցում խնդիր կա:
«Այն հարցում, որ պատասխանատվության ենթարկելու առումով պրակտիկան բավարար չէ, որ կանխվեն լրագրողների նկատմամբ բռնությունները, ես համաձայն եմ»:
Որ լրագրողների նկատմամբ բռնությունները կանխելու համար ավելի խիստ պատասխանատվության միջոցներ են պետք, պաշտպանը նշել է իր տարեկան զեկույցում, որն, ի դեպ, խորհրդարանը քննարկվելու է շուտով:
Մեկ այլ հրատապ հարց, որը խնդրահարույց է դարձել հատկապես վերջին շրջանում դատական նիստերի ընթացքում: Խոսքը փաստաբաններին զննության ենթարկելու մասին է, ինչը հենց երեկ փաստաբանների պալատի հերթական հայտարարության առիթ էր դարձել: Ի՞նչ նպատակ է հետապնդում փաստաբաններին դատարաններում ստուգելը: Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն ասում է՝ բացառապես անվտանգության նպատակ:
«Այդ զննությունը որևէ այլ նպատակ չի ենթադրում: Որևէ կարգադրիչի չի հետաքրքրում, թե փաստաբանի պայուսակներում և դրամապանակներում ինչ կա»:
Եվ իրավապահ ոլորտից այսօր հնչած քաղաքական գնահատականը: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այդ մասին խոսեց, որովհետև հարցը մի քանի անգամ ու տարբեր ձևակերպումներով հենց իրեն տրվեց: Ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018-ի ապրիլից հետո:
«Այս թեմային վերաբերող բոլոր կանխատեսումները վաղաժամ են: 2018-ի ապրիլին կարող է այլ իրավիճակ ունենաք՝ քաղաքական, արտաքին նոր մարտահրավերներ, որոնք կհուշեն, թե ինչ ճանապարհով պետք է առաջ գնալ»:
Իսկ ընդդիմադիր դաշտից թավշյա հեղափոխություն անելու մասին հայտարարությունները Դավիթ Հարությունյանին արդեն ուրախացնում են:
«Միշտ ասում էին՝ վաղն է լինելու, հիմա լավ է, որ մի քանի ամիս հետաձգում են, ողջունելի է դա»:
Ինչ վերաբերում է հեղափոխության կոչերից անհանգստանալուն: Իշխանության ներկայացուցիչը հորդորում է տարանջատել. եթե խոսքը հեղափոխության մասին է, արձագանքը կլինի կոշտ, իսկ եթե ընդհանրապես ընդդիմադիրների և առողջ քննադատության, ապա կառուցողական: