Հասարակություն

Պետք է վախենալ ոչ թե օձի խայթոցից, այլ թթվասերից եւ մայոնեզից


Մինչ բնակիչներն ահազանգում են օձերի սեզոնային ակտիվացման մասին, իսկ բնապահպաններն էլ պարզաբանում, որ օձերի ակտիվացման գլխավոր պատճառը մարդու կողմից օձերի ապրելամիջավայրի ոչնչացումն է, ինչի հետևանքով սողունները ստիպված ներխուժում են բնակավայրեր, հանրապետության գլխավոր համաճարակաբանը զգուշացնում է, որ օձերից շատ ավելի վտանգավոր է այս սեզոնին կաթնամթերքի օգտագործումը:

 

 

 

Օձերի սեզոնային ակտիվությունը սովորաբար պայմանավորված է սեռական ակտիվությամբ և զուգավորման սեզոնով: Այլ հարց է, որ օձերը վերջին տարիներին բավականին տարածված են հատկապես բնակավայրերում և բավականին  լուրջ վտանգ են ներկայացնում բնակիչների համար: Կենսաբան Դոլորես Ղափանցյանը, սակայն,  օձերի նման ակտիվությունը միանգամայն բնական է համարում:

«Արդյոք այդ կենդանին մեղավոր է, որ ոչնչացված են լեռնային անտառները»:

Օձերի ակտիվությունը նաև կլիմայական փոփոխության հետևանք կարող է լինել, թեև գլխավոր պատճառն այնուամենայնիվ մարդու կողմից օձերի ապրելամիջավայրի ոչնչացումն է՝ նկատեց բնապահպան Սիլվա Ադամյանը:

«Վերջին դեպքը հենց այգում էլ պատահել է, մարդը անակնկալի է եկել, իսկ կենդանին պաշտպանական ռեակցիայով խայթել է»:

Բարեբախտաբար՝  հիվանդանոցում ժամանակին հակաթույն ներարկելով հասցրել են փրկել կնոջ կյանքը: Բայց արդյո՞ք բոլոր մարզերի բոլոր հիվանդանոցներն ապահովված են հակաթույնով, հատկապես այն մարզերը, որտեղ նկատվում է օձերի ակտիվություն: ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը  հավաստիացնում է, որ հանրապետության բոլոր բուժհիմնարկներում առկա է հակաթույն:

Իսկ ընդհանրապես Արա Ասոյանը օձերի ակտիվությանն այնքան էլ մեծ նշանակություն չի տալիս: Սեզոնային ակտիվություն է, ամեն տարի լինում է, ասում է և հավելում՝ այս սեզոնին պետք է վախենալ ոչ թե օձերից, այլ թթվասերից և  մայոնեզից:

Back to top button