Համո Բեկնազարյանի նկարահանած «Խասփուշ»-ի ցուցադրությամբ «Ոսկե ծիրան» 2017-ը


«Ոսկե Ծիրան» -2017-ը կանցկացվի հուլիսի 9-16-ը: Փառատոնի մասնակցության համար ստացվել էր 1100 հայտ՝ 96 երկրից, ընդունվել է ավելի քան 100 ֆիլմ, որոնք կինոարվեստի մեր երկրպագուները կարող են դիտել փառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում: Փառատոնն այս տարի կբացվի Համո Բեկնազարյանի նկարահանած «Խասփուշ» ֆիլմի ցուցադրությամբ, քանի որ հենց այս տարի է լրանում այդ ֆիլմի ստեղծման 90-ամյա հոբելյանը: Փառատոնի կազմակերպիչներն այսօր ներկայացնելով այս տարվա մրցութային ծրագրերը՝ նշել են, որ հիմնական 3 մրցութային ծրագրերում կպայքարի 47 ֆիլմ:
Միքայել Ստամբոլցյանն առանձնացրեց նաև չեխական «Մասարիկ» ֆիլմը: Ֆիլմն անցյալ տարի իրենց ազգային կինոմրցույթում հաղթող է ճանաչվել 14 անվանակարգերում: Ֆիլմը մրցանակների է արժանացել նաև Սլովակիայում: Ընդհանուր առմամբ՝ բավականին հետաքրքիր և հարուստ ծրագիր է ներկայացված խաղարկային մրցույթում՝ նկատեց ծրագրերի տնօրենը: Ինչպես ամեն տարի, այնպես էլ այս տարի աննախադեպ մեծ թվով հայտեր են ներկայացվել վավերագրական մրցույթում, թեև այս դեպքում քանակը չի նշանակում որակ՝ ներկայացնելով վավերագրական մրցույթին ներկայացված ֆիլմերը՝ նշեց վավերագրական մրցույթի համակարգող Արա Խանջյանը:
Վավերագրական մրցույթում այս տարի ներկայացված է 16 ֆիլմ: Աշխարհագրությունը՝ Դոմինիկյան Հանրապետությունից մինչև Հայաստան: Արա Խանջյանը հատկապես առանձնացրեց Սողոմոն Թեհլերյանի մասին պատմող «Դատավարություն» ֆիլմը և թուրքական մի ֆիլմ, որտեղ անդրադարձ կա հայի ինքնությանը: Ֆիլմը կոչվում է «Դերդո մայրիկը և ընկուզենին»:
Բավականին հետաքրքիր հայտեր են ներկայացվել նաև «Հայկական համայնապատկեր» մրցույթին: Այս անվանակարգի նպատակն է մի մրցույթում ընդգրկել և համագործակցության հարթակ ստեղծել աշխարհի տարբեր ծայրերում ստեղծագործող և ապրող հայերի համար և ինչպես «Հայկական համայնապատկեր» մրցույթի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը ասաց, նախաձեռնությունն իսկապես ծառայում է իր նպատակին:
Ընդհանուր առմամբ՝ ծրագրում ընդգրկված ֆիլմերի մեծամասնությանը մենք ծանոթ ենք «Անահիտ» ազգային մրցանակաբաշխությունից և որոնց վերջապես փառատոնային շրջանակներում ցուցադրվելու առիթ է ընձեռվել: