Հունիսի 26-ը թմրանյութերի օգտագործման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է: Չնայած պայքարին` ամբողջ աշխարհում թմրամոլները շատանում են: Հայաստանում ևս տարեց տարի արձանագրվում է թմրամոլների թվի աճ: Նրանց մեծամասնությունը 28-49 տարեկաններն են, ներկայացնելով հանրապետության իրավիճակը, լրագրողներին ասել է ՀՀ գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը: Եթե 10 տարի առաջ Հայաստանում հաշվառված էր շուրջ 200 թմրամոլ, ապա այս տարվա հունվարի 1-ի դրությամբ առողջապահության նախարարության տվյալներով արդեն հաշվառված 6000 թմրամոլ կա։ Ավելին՝ վերջին վիճակագրությունը ցույց է տվել, որ թմրամոլությունը երիտասարդացել է:
Փորձում են հաճույք ստանալու ակնկալիքով, արդյունքում` ընկնում կախվածության մեջ: Իրականում՝ թմրամոլությունը շատ երկար պատմություն ունի: Առաջին թմրամիջոցները հայտնի են դեռևս մ.թ.ա. 4-րդ դարից և միայն 19-րդ դարում էր, որ պետական մականդակով սկսվեց պայքարը դրանց դեմ: Հատկանշական է, որ թմրամիջոցների եւ դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարին զուգահեռ տարեց տարի թմրամոլների թիվն աճում է: Տարեկան տասնյակ հազարավոր մարդիկ թմրամիջոցների հետ կապված խնդիրների զոհն են դառնում: Այս վիճակագրությունից անմասն չէ նաև մեր հանրապետությունը: Առողջապահության նախարարության տվյալներով՝ անցյալ տարվա համեմատությամբ թմրամոլների թիվը 10 տոկոսով աճել է: Հայաստանում այժմ հաշվառված է ավելի քան 6000 թմրամոլ: Ավելին՝ նկատվում է նաև թմրամոլության երիտասարդացում, ներկայացնելով հայաստանյան պատկերը՝ նշեց Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի բուժական գծով տեղակալ Ասյա Գրիգորյանը:
Ի դեպ՝ բուժման համար հիմնականում դիմում են հենց իրենք՝ թմրամիջոցներից կախվածությունն ունեցողները: Շատ քիչ են այն հիվանդները, ովքեր հարկադրաբար են բուժման ենթարկվում: ՀՀ գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանի փոխանցմամբ՝ հիվանդությունների մեծ մասը քրոնիկ բնույթ է կրում, իսկ բուժումը նպաստում է ազատվել կախվածությունից: Այդուհանդերձ՝ փորձը ցույց է տվել, որ բուժվածների 80 տոկոսը կրկին թմրամիջոց է սկսում օգտագործել։
Հայաստանում, ի դեպ, ամենատարածվածը եղել և մնում է կանեփից պատրաստված մարիխուանա տեսակի թմրամիջոցը, որին մեծապես նպաստում են տարածաշրջանի բնակլիմայական պայմանները:
Նկատենք սակայն, որ կան երկրներ, որտեղ արգելված չեն թմրամիջոցների որոշ տարատեսակներ, նույնիսկ ազատ վաճառք է իրականացվում:
Նաև պատահական չէ, որ թմրամոլների մի մասի մոտ որոշ ժամանակ անց ախտորոշվում է ՄԻԱՎ: Թեև հակառակ թմրամոլների թվի աճիւ, տարեց տար նվազում է ներերակային ճանապարհով թմրամիջոց օգտագործող ՄԱԻՎ վարակակիրների թիվը՝ նկատում է «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն և խնամք» հկ-ի ներկայացուցիչ Վահե Բաբախանյանը:
Մեր երկրում թմրամիջոց օգտագործողները տարբեր սոցիալական խմբեր են ներկայացնում: Նրանց մեջ կան և անապահովներ, և ունևորներ: Սոցիալական խավից էլ կախված է թմրամիջոցի տեսակն ու արժողությունը: Հիվանդների բուժում իրականացվում է պետպատվերի շրջանակներում: Պետությունը տարեկան հատկացում է 160 մլն դրամ: