Ռուսաստանն Ադրբեջանին շատ ավելի է զենք վաճառում. Քնեսեթի նախկին պատգամավոր


Վերջերս Իսրայելի Քնեսեթն ու Հայաստանի ԱԺ–ն համատեղ որոշում են կայացրել «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի ստեղծման մասին, որը գործելու է մշտական: Ֆորումի առաջին նիստը կայացել է Իսրայելում 2017 թվականի հունվարին։ Մոտ ապագայում, Քնեսեթի բարեկամության խորհրդարանական խմբի հայաստանյան այցի հետ մեկտեղ, ծրագրվում է անցկացնել «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի նիստ` իսրայելացի հասարակական գործիչների և գործարարների մասնակցությամբ, որոնք Հայաստան կբերեն իրենց նախագծերն ու համագործակցության առաջարկությունները։ «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի ստեղծման, նպատակների և խնդիրների, երկրների միջև համագործակցության, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրությունների և տարբեր ուղղություններով համագործակցության ընդլայնման հավանականության մասին են լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ խոսել «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ–լեյտենանտ Հայկ Քոթանջյանը եւ «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, Իսրայել-Հայաստան բարեկամական խմբի հիմնադիր, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։
«Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումը ոչ քաղաքական պլատֆորմ է: Այս մասին մի քանի անգամ շեշտեցին ֆորումի հայ եւ իսրայելցի համանախագահները: Այդուհանդերձ նրանց ուղղված հարցերում քաղաքական բովանդակթյուն ունեցողներն ավելին էին: Այն տեսանկյունից, թե՝ ստեղծված հասարակական պլատֆորմը ի՞նչ կարող է փոխել Հայաստան-Իսրայել հարաբերություններում՝ քաղաքական տեսանկյունից: Այդօրինակ հարցերից մեկն, օրինակ, Ադրբեջանին իսրայելական զենքի չբալանսավորված վաճառքի մասին էր: Արձագանքելով հարցադրմանը՝ «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ Հայկ Քոնթանջյանը, մասնավորապես, ասաց.
«Ցանկանում եմ ասել, որ այս ֆորումը լինելով ոչ քաղաքական, ոչ քաղաքականացված, միաժամանակ հնարավորություն է տալիս այդ պրոֆեսիոնալ կապերը ուղեկցել որոշակի մտքերի փոխանակմամբ: Եթե կարելի է՝ ես սահմանափակվեմ այս մեկնաբանությամբ»:
Հայտնի է, որ, մասնավորապես, ԱՄՆ-ում ադրբեջանական լոբբինգն առաջխաղացվում է Իսրայելի շնորհիվ՝ արդյո՞ք ձեւավորված «Հայաստան-Իսրայել» հասարակական ֆորումը կարող է այս առումով ինչ-որ փոփոխությունների հանգեցնել: Ի պատասխան մեր այս հարցի՝ Ալեքսանդր Ցինկերը նախ ասաց, թե իր տպավորությամբ զենքի վաճառքի վերաբերյալ հարցի պատասխանը լրագրողներին չբավարարեց։ Այդ առթիվ հավելեց, թե՝ գաղտնիք չէ, որ Իսրայելը զինտեխնիկա եւ սարքավորումներ մատակարարող 5-յակի մեջ է մտնում եւ բաց աղբյուրների համաձայն՝ Իսրայելի ռազմական արդյունաբերությունը աշխատում է տարեկան 5-6 միլիրադ դոլար: Ժամանակին գնումներ կատարել առաջարկվել է նաեւ Հայաստանին, սակայն, նախկին նախարարն ասել է, որ այն թանկ է եւ հարմար չէ՝ հավելեց Ալեքսանդր Ցինկերը։
«Հետեւաբար, ինչպես ասում են, գնդակը Հայաստանի դաշտում է: Խնդրեմ, մենք միշտ բաց ենք, եթե դուք ինչ-որ բան ցանկանում եք՝ միշտ էլ կարելի է հարցերը դիտարկել»:
Ադրբեջանին զինտեխնիկա մատակարարելու առիթով էլ՝ Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը հիշեցրեց՝ իմ կարծիքով, Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանն Ադրբեջանին շատ ավելին է առաքում: Ասաց՝ հետաքրքիր է, տալի՞ս եք այդ հարցը դուք Ռուսաստանին, ես չգիտեմ:
Վերադառնալով ԱՄՆ-ում ադրբեջանական լոբբինգն իրականացնելու թեմային՝ Ալեքսանդր Ցինկերն ասաց.
«Ես այնքան էլ համոզված չեմ, որ հրեական կազմակերպությունների լոբբիստները մշտապես ադրբեջանականների հետ համատեղ են աշխատում: Տեսեք, նման հրեական լոբբիստական կազմակերպությունները տասից ավելի են: Ես երկուսին գիտեմ, որոնք աշխատում են ադրբեջանականների հետ: Ավելին, մենք գիտենք՝ կան նաեւ մի քանիսը, որոնք ուղղակիորեն զբաղվում են Ադրբեջանի շահերի լոբբինգով, բայց դա չի նշանակում, որ հրեական կազմակերպությունների ամբողջ համակարգը եւ Համաշխարհային հրեական կոնգրեսն զբաղվում է այդ հարցերով»:
Խոսելով Հայաստանում իսրայելական դեսպանատուն ունենալու հարցի մասին՝ «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ Հայկ Քոթանջյանն ասաց, թե հարցի մանրամասներին բավական տեղեկացված չէ, ապա հավելեց.
«Կարեւորն այն է, որ այդ հարցը գտնվում է քննարկման փուլում: Ես մեծ կարեւորություն եմ տալիս այն բանին, որ այդ հարցը գտնվում է կողմերի պատասխանատուների սեղաններին»:
«Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի համանախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերն էլ, իր հերթին հավելելով, ակնարկեց, որ խնդրում քաղաքական որեւէ գործոն չկա եւ հարցը հստակ համապատասխան ֆինանսական հնարավորություններով է պայմանավորված:
«Դա հստակորեն իսկապես ֆինանսական խնդիր է: Բայց ես կարծում եմ, որ եթե մեր կապերը տուրիստական, բիզնեսի, փոխայցերի մակարդակում ընդլայնվեն, ապա դա կլինի եւս մեկ հաղթաթուղթ «Իսրայելի արտգործնախարարության դեմ պայքարում», որպեսզի նրանք փնտրեն նոր դեսպանատուն բացելու այդ հնարավորությունները»:
Այլ պատճառներ այսօրվա դրությամբ, որքանով որ ես հաղորդակցվել եմ նրանց հետ՝ չկան՝ թեման եզրափակեց «Հայաստան–Իսրայել» հասարակական ֆորումի իսրայելական կողմի համանախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։