Մշակույթ

Մաթեւոսյանական մթնոլորտ՝ Երեւանի կենտրոնում


Հրանտ Մաթևոսյանի մահվանից ամիսներ անց՝ 2003 թվականին ստեղծվեց «Հրանտ Մաթևոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամը, որի գերնպատակը գրողի ստեղծագործական ժառանգության պահապանումն ու տարածումն էր: Այդ նպատակին էր ծառայելու նաև Հրանտ Մաթևոսյան մշակութային  կենտրոն-թանգարանը, որը կառուցվում է Երևանի Աբովյան փողոցում: Ինչ փուլում են կենտրոնի ստեղծման աշխատանքները, ինչ է ունենալու մայրաքաղաքը նախագիծն ամբողջությամբ ավարտին հասցնելու դեպքում: «Ռադիոլուր»-ը զրուցել է գրողի որդու՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթևոսյանի հետ:

 

«Հայեցակարգը ներկայացնելիս մենք ի սկզբանե հրաժարվեցինք տուն-թանգարանի գաղափարից՝ որպես «մեռած» կամ մշակութային սահմանափակ գործառույթներ ունեցող մի բանից: Մեզ պետք էր սերունդ կրթել, ընթերցող ձևավորել, անընդհատ վերարծարծել ոչ միայն  Մաթևոսյանի, այլև նրա սերնդակիցների ստեղծագործական  ժառանգությունը: Հայ գրականության ու առհասարակ գրականության մասին է խոսքը:

Հրանտ Մաթևոսյան մշակութային  կենտրոն-թանգարանի կառուցման հայեցակարգը ստեղծվեց հենց այդ սկզբունքի հիման վրա:

Այսպես կոչված՝ Պլանի գլխում, Աբովյան փողոցի հարևանությամբ, լքված աղբանոցի ու  կիսաավտոկայանատեղիի վերածված պուրակը՝ շուրջ 400 քմ տարածքով, մշակութային միջավայրի էր վերածվելու՝ անհասկանալի մի վայրում ստեղծված սոսկ ճարտարապետական ինչ-որ կառույցի փոխարեն:  «Հրանտ Մաթևոսյան» մշակութային-բարեգործական հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթևոսյանն ասում է, որ  հանրային քննարկման բոլոր կողմերը ժամանակին իրենց հավանությունն էին տվել այս նախագծին՝ միաձայն:

Իսկ «մաթևոսյանական միջավայր» ասվածը լայն հասկացողություն է. մաթևոսյանական աշխարհի տեղանուններով պուրակից մինչև կրթամշակութային կենտրոն՝ կառուցված մաթևոսյանների տոհմի Ահնիձորում հիմնած առաջին տան՝ գլխատան սկզբունքով:

«Աբովյանի հիշյալ պուրակը  վեր է ածվում բուսաբանական փոքրիկ այգու՝ դենդրարիումի: Պուրակին հարակից փողոցը կկրի Հրանտ Մաթևոսյանի անունը, փողոց, որն ունի ընդամենը մեկ հասցե՝ Հրանտ Մաթևոսյան մշակութային  կենտրոն-թանգարան: Հայեցակարգի համաձայն, փողոցի երկու կանաչ գոտիները կմիավորվեն  Մաթևոսյանի հերոսուհու՝ Նանա իշխանուհու անունը կրող կամրջակով: Լոռվա բնության մոդելավորմամբ, մաթևոսյանական աշխարհի տեղանուններով պուրակում բացօթյա դասերի, ցուցահանդեսների, կրթա-մշակութային ամենատարբեր միջոցառումների   անցկացման,  ինչպես նաև հանգստի պայմաններ կստեղծվեն: 1850-ականներին, երբ Ահնիձորը վերահիմնադրվեց Հաղպատից եկած մեր գերդաստանի կողմից, կառուցվեց գերդաստանի առաջին գլխատունը՝ գերդաստանի տունը:  Կենտրոնի կլոր շենքը կառուցվում  է հենց այդ գլխատան կամ հազարաշենի  սկզբունքով»:

Մաթևոսյանների գերդաստանի Ահնիձորում կառուցած առաջին տան՝ հազարաշենի  սկզբունքով կառուցվող կենտրոնը մաթևոսյանական ու ոչ միայն մաթևոսյանական խիստ մշակութային ու գրական մթնոլորտը կփորձի ապահովել նաև նորագույն տեխնոլոգիաների միջոցով, «ամենախելահեղ» լուծումներով: «Միայն թե արվեստի, գրականության մեջ լինեն մարդիկ, դրանով ապրեն, շունչ քաշեն ի վերջո»,-ասում է Դավիթ Մաթևոսյանը:  Նա չի բացառում, որ մեծանուն գրողի անունը կրող կենտրոնը կընդունի , այսպես ասած, մշակութային կենվորների.

«Աշխարհում ընդունված ձևաչափ է դա. համապատասխան մրցույթում հաղթած արվեստագետը  հնարավորություն է ստանում որոշակի ժամկետով ապրել ու ստեղծագործել ինչ-որ քաղաքում, վայրում: Դա կարող է լինել Երևանը, հետագայում, գուցե,  Ահնիձորը: Կենտրոնում մենք անվճար տարածք կտրամադրենք, օրինակ՝  Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները թարգմանած հեղինակին, կամ նկարչին, որը ներշնչվել է Մաթևոսյանի ստեղծագործություններով: Արվեստագետը  ապրում և աշխատում է այստեղ՝ ստեղծելով իր վեպը, կտավը կամ երաժշտությունը՝ պայմանով, որ դրանք ներկայացնելիս անպայման նշի, որ այն  ստեղծվել է Երևանում: Այսպիսով մենք նաև «ցուցանում» ենք մեր տեղն աշխարհում»:

Դավիթ Մաթևոսյանն ասում է, որ նախագծի ֆինանսավորման անընդհատությունն ապահովելու դեպքում շենքի շինարարությունը կավարտվի մոտ ապագայում, բայց նախագիծը  հասել է մի հանգրվանի, որտեղ  ակնկալվում է թանգարանային գործի համապատասխան մասնագետների, մշակույթի նախարարության ներգրավումը:

«Ներքին բաժանում, ցուցադրության կազմակերպում, կահավորում և այլն. այս ամենը վերապահվում է կառավարող մարմնին , որը ենթադրաբար պետք է լինի մշակույթի նախարարությունը»,-ասում է Մաթևոսյանը: Նրա բնորոշմամբ, չնայած կետրոնի շենքի ժամանակակից լուծումներին, արմատների հետ կապն անխզելի է.

«Մաթևոսյանը, ինչքան էլ որ արմատներից էր, ինքը նորի ստեղծող էր, և նրա գրականությունն անընհատ նորոգ է». գրողի որդու՝ Դավիթ Մաթևոսյանի բնորոշումն է:

Back to top button