Քաղաքական

Քաղաքական կոռուպցիան՝ ԵԽԽՎ օրակարգում


Երկուշաբթի՝ հունիսի 26-ից 30- ը Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որին մասնակցելու է Հայաստանի նորընտիր խորհրդարանի նորացված պատվիրակությունը՝ նոր ղեկավարի գլխավորությամբ: Ի՞նչ նորություններով են գնալու Եվրոպայի կենտրոն, ի՞նչ է սպասվում Ստրասբուրգում եւ ի՞նչ զարգացումներ են ակնկալվում: Կարելի է ասել նորերը շարունակելու են հների կիսատ մնացած գործը, այդ թվում նաեւ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության գործընթացի առումով, ինչն աստիճանաբար դառնում է ավելի շոշափելի:

Կոռուպցիոն սկանդալը շարունակում է հետապնդել Եվրոպայի խորհրդի  Խորհրդարանական վեհաժողովին, ավելի կոնկրետ՝ նրա ղեկավարին: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները լրջորեն սպասում էին, որ Ագրամունտի պաշտոնանկությունը տեղի կունենար դեռ նախորդ նստաշրջանում, բայց «սայլը» այն ժամանակ այդպես էլ տեղից չշարժվեց: Այս անգամ կրկին հույսեր կան, որ ադրբեջանամետ գործունեություն ծավալող Ագրամունտի իմպիչմենտի գործընթացը կմեկնարկի:

Համենայնդեպս, օրակարգում ընդգրկված է կանոնակարգ- օրենքի փոփոխությունը, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում քաղաքական կոռուպցիային վերաբերող հարցերը: Ստրասբուրգում հայկական պատվիրակությունն այսուհետ աշխատելու է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ագրամունտի հարցում պատգամավորը չի շտապում իրադարձություններից առաջ ընկնել:

«Միլի մեջլիսի մթնոլորտ», «ջեբկիր Ագրամունտ», «խավիարակեր քաղաքականություն» եւ բազմաթիվ այլ որակումներ հայ պատվիրակներից նաեւ հենց ԵԽԽՎ նիստերի դահլիճում մշտապես լսել է անձամբ Ագրամունտը ու մշտապես զրկել մեր պատվիրակներին խոսքի իրավունքից:

Իրականում՝ Ագրամունտի հնարավոր պաշտոնանկության հարցում հայկական պատվիրակության պայքարն առաջնային դեր չի ունեցել: Ագրամունտի դեմ պայքարել են նաեւ ուկրաինացիները՝ պնդելով, որ նա սպասարկում է ռուսական շահերը։ Կոռուպցիոն բացահայտումների գործում էական դեր է ունեցել եվրոպական հասարակական կազմակերպություններից մեկը: Արդյո՞ք հայաստանյան խնդիրները եվրոպական խոշորագույն կառույցում կախված են կոնկրետ մեկ անձից՝ «Ռադիոլուրը» հարցն ուղղեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանին:

«Ագրամունդը վերին աստիճանի վտանգավոր մանյովրներ կատարեց ԵԽԽՎ նախագահի պաշտոնում եղած ժամանակ՝ նկատի ունեմ ապրիլյան պատերազմի ժամանակ տողատակերով աջակցությունը Ադրբեջանին, բայց դա ընդամենը հետեւանք է: Հետեւանք է՝ հայկական խորհրդարանական դիվանագիտության բացակայության: Չլինի Ագրամունտը, կլինի մեկ ուրիշը: Եթե չփոխվի մեր խորհրդարանական դիվանագիտությունը, ապա մենք կբախվենք եթե ոչ նույն, ապա նույնատիպ խնդիրներին»:

ԵԽԽՎ 47 անդամ-պետությունները քաղաքական կոռուպցիան շատ սահուն տեղափոխեցին ժողովրդավարության կենտրոն հանդիսացող կառուց, այժմ այն ցանկանում է ինքնամաքրվել՝ ամառային նստաշրջանի օրակարգ ընդգրկելով քաղաքական կոռուպցիայի եւ պաշտոնյաների հաշվետվողականության հարցը: Սա նաեւ կարելի է ընկալել իբրեւ ուղերձ՝ ասում է քաղաքական վերլուծաբանը:

Ինչպես կաշխատի Ստրասբուրգում հայաստանյան նոր պատվիրակությունը՝ դեռ պարզ չէ: Կազմը փոխված է, ռազմավարությունը նույնպես փոխվելու է՝ ասում է Արփինե Հովհաննիսյանը:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը կազմված է 8 պատգամավորից՝ 4 հիմնական եւ 4 փոխարինող անդամներից: Հանրապետականները հանձնաժողովում ունեն 4 պատգամավոր, իբրեւ փոխարինող անդամ ընդգրկված է նաեւ նախորդ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, «Ծառուկյան» խմբակցությունն ունի երկու ներկայացուցիչ, դաշնակցություն ու «Ելք» խմբակցությունները հանձնաժողովում աշխատելու համար գործուղել են մեկական պատգամավոր:

Back to top button