Ապրիլյան դեպքերից հետո առաջնագծում կատարվել են զգալի աշխատանքներ, որոնց շնորհիվ առաջնագիծը 100 տոկոսով վերահսկելի է դարձել՝ բարձրաձայնում են և՛ Հայաստանի, և՛ Արցախի ՊՆ պատասխանատուները: Օրերս լրագրողներին հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ ու տեսնել այդ ամենը տեղում. բնականաբար՝ ոչ լուսանկարահանման ու տեսանկարահանման համար: Սակայն մինչ կբարձրանայինք դիրքեր՝ անվտանգություն նկատառումներից ելնելով տրվում է համապատասխան հագուստ: Մենք արդեն դիրքերում ենք: Զինվորականները ներկայացնում են դիրքի ինժեներական եւ նյութատեխնիկական կահավորվածությունը, վստահեցնում, որ յուրաքանչյուր պահի բոլոր դիրքերը պատրաստ են մարտի: Ասում են, որ ցանկացած դիրք ապահովված է գիշերային տեսանելիության սարքերով, ինչն առավել հեշտացնում է գիշերային ժամերի հերթապահությունըˋ զինծառայողի կողմից վերահսկելի դարձնելով տարածքը. տղաները չեն սիրում շատ խոսել ու պատմել: Երբ սկսում եմ հարց ու փորձը՝ բոլորի պատասխանը մեկն է՝ այստեղ ամեն ինչ լավ է ու մենք հանգիստ կանգնած ենք սահմանում, հսկում ենք հակառակորդի յուրաքանչյուր շարժը:Դիրքերում չի կարելի հարցնել, թե այս տարածքն ինչ կարևոր նշանակություն ունի մեզ համար, քանի որ Հայաստանի ու Արցախի յուրաքանչյուր դիրք կարևոր է՝ ասում են զինվորները:
Դիտակետում զինվորն է՝ նա առանց աչքը թարթելու հսկում է դիմացի սահմանն ու մեր երկար-բարակ հարցերին պատասխանում՝ ամեն ինչ հանգիստ է ու պետք չէ անհանգստանալ: Հարցնում ենք ապրիլյան պատերազմից, պատասխանում է նույն սառնասրտությամբ: Զինվորներին հանգիստ եմ թողնում ու նրանցից մեկի հետ իջնում գետնատնակ, որտեղ խոհանոցն է:
Խոհանոցից դուրս ենք գալիս ու Արարատ Սարդարյանի հետ սկսում ենք զրուցել բանակային առօրյայից: Ասում է, որ մինչև բանակ զորակոչվելը ծառայած ընկերներից միշտ հարցնում էր բանակային կյանքի մասին։ Հարցնելն ու տեսնելը լիովին տարբեր բաներ են՝ ավելացնում է:
Հակոբ Մարտիրոսյանն էլ արդեն 9 տարի է ծառայում է Զինված ուժերում: Ասում է, երբ որոշեց զինվորական դառնալ՝ ծնողները միանշանակ չընդունեցին, բայց տեսնելով որդու համառությունը՝ համակերպվեցին այդ մտքի հետ: Հակոբը չի համաձայնվում այն դիտարկման հետ, թե զինվորականի ուղին դժվար ու փորձություններով լեցուն է: Ասում է, որ ամեն մասնագիտություն իր դժվարությունն ունի:Ի դեպ՝ հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկվել է դիվերսիոն հերթական ն ներթափանցման փորձ: Եվ կրկին ՊԲ մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները, մարտավարական բարձր պատրաստվածության շնորհիվ հակառակորդին շպրտել են ելման դիրքեր։ Այս անգամ թշնամի տվել է 4 զոհ։ Այնպես որ՝ առաջնագծում օպերատիվ իրադրությունը շարունակում է մնալ արցախյան զինուժի լիակատար վերահսկողության ներքո: