Քաղաքական

Չեխիայի դեսպանը հուսով է, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայանգիրը այս անգամ կստորագրվի


Մենք կտրականապես դեմ ենք լարվածությանը եւ միջազգային սահմանների խախտմանը՝ այս մասին այսօր Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Չեխիայի հանրապետության դեսպան Պետր Միկիսկան՝ անդրադառնալով Տավուշի սահմանամերձ գոտում  Ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար իրականացվող դիվերսիաների մասին հարցին: Ընդունելի չէ միջազգային սահմանին հարձակում գործելը՝ շեշտել է Չեխիայի դեսպանը: Պետր Միկիսկան անդրադարձել է նաեւ Արցախում հրադադարի խախտումների վերաբերյալ հարցին:

Եթե խոսում ենք Ղարաբաղում հրադադարի խախտման մասին՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն անմիջականորեն այդ հարցով զբաղվում է՝ ասաց Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Միկիսկան:

Մեր երկրում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան հավելեց, թե իրենք չեն ընդունում երկու կողմերի խախտումներն էլ, ապա շարունակեց. «Մենք չենք  ընդունում նաեւ լարվածությունը միջազգայնորեն ճանաչված սահմանին: Բանակցությունները միակ ճանապարհն են այս հարցի լուծման: 21-րդ դարում ամենանախընտրելի տարբերակը սա է»:

Տավուշի հետ կապված՝ մենք աջակցում ենք Միջազգային կարմիր խաչին եւ բարձր ենք գնահատում նրանց աշխատանքը: 2004 թվականից Չեխիայի Հանրապետությունն անդամակցում է ԵՄ-ին եւ համագործակցում է ինչպես անդամ երկրների, այնպես էլ՝ մյուս երկրների հետ, որոնց հետ համագործակցում է ԵՄ-ն՝ ասաց դեսպանը՝ մատնանշելով նաեւ «Արեւելյան գործընկերության» ծրագիրը:

Նրա խոսքով՝ իրատեսական է, որ իրենք աջակցում են ԵՄ անդամ պետություններին: Մենք աջակցում ենք նաեւ Եվրոհանձնաժողովի աշխատանքներին՝ շեշտեց դեսպանը: Անդրադառնալով ԵՄ-ի հետ Հայաստանի նոր համաձայանգրի ստորագրման մասին հարցին՝ մեր երկրում Չեխիայի դեսպանն ասաց, թե հույս ունի, որ այն այս անգամ կստորագրվի եւ կյանքի կկոչվի:

Անդրադառնալով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու օրերս արած հայտնի հայտարարությանն ու դրա արձագանքներին՝ մեր երկրում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան նկատեց, որ դեսպան Սվիտալսկին ունի ԵՄ անդամ երկրների աջակցությունը: Կարծում եմ՝ հայկական կողմի որոշ պաշտոնյաների մոտեցումներն այս հարցին ուռճացված են. «Պարոն Սվիտալսկու հայտարարությունը Հայաստանի ներքին գործերի հետ կապ չունի: Հայաստանի ցանկությունն է, որ միջազգային կառույցնեն աջակցեն ընտրական համակարգի կատարելագործմանը, որը կարող է դիտվել որպես միջամտություն ընտրական գործընթացներին: Միաժամանակ, Հայաստանը համաձայնագրեր է ստորագրել, որը նաեւ պարտավորեցնող է: Եթե որեւէ խախտում է նկատվում ընտրությունների ժամանակ՝ չեմ կարծում, որ պարոն Սվիտալսկին այդ մասին իր կարծիքը հայտնելու իրավունք չունի»:

Չեխիայի դեսպանը խոսեց նաեւ վիզաներ տրամադրելուն վերաբերող հարցին՝ մասնավորապես պարզաբանելով, թե ինչով է պայմանավորված, որ Հայաստանի քաղաքացիների՝  Չեխիա մեկնելու մուտքի արտոնագիր ստանալու դիմումներն ավելի հաճախ են մերժում ստանում: Դեսպանի պարզաբանմամբ՝ շենգեն գոտու մուտքի վիզաների հարցում աջակցում են անդամ պետությունները եւ մուտքի վիզա տրամադրել կամ չտրամադրելը անդամ պետությունների համատեղ որոշման արդյունք է լինում:

Այլ պետության քաղաքացիները երբեմն խախտում են վիզային ռեժիմները: Տոկոսային առումով բավականին բարձր է թիվը, երբ Չեխիայ մուտքի արտոնագիրն օգտագործելով, քաղաքացիները ապաստան են հայցում Շենգեն գոտու այլ երկրներում: Այդ հարցը խիստ է դրված եւ խնդիրներ է հարուցում Չեխիայի Հանրապետության համար, ինչի պատճառով հյուպատոսական բաժնի աշխատակիցներն ավելի զգույշ են լինում նման հարցերում եւ դրա հետեւանքն են շատ մերժումները՝ եզրափակեց Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանը:

Back to top button