Հասարակություն

Սասնա Ծռերի գործով դատավարությունը կրկին ընդմիջումներով

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր տեղի է ունեցել «Սասնա ծռերից» 14-ի գործով արտագնա դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ: Նախքան դատական նիստի մեկնարկը ամբաստանյալների պաշտպաններին սկսել են խուզարկել: Այս անգամ նույնպես  դատավարությունը մեկնարկել է լարված մթնոլորտում՝ մեկ օրվա ընթացքում ընդմիջելով 4 անգամ: Հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 28-ին:

 

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամի գործով դատական նիստը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկ ժամ ուշացումով սկսվեց:

Նշենք, սակայն, որ նիստը դեռ չսկսված ընդմիջվեց մեկ ժամով, քանի որ  դատական նիստին կարողացել էին ներկա գտնվել ամբաստանյալների  միայն երկու փաստաբանները։ Դատական նիստից առաջ կարգադրիչները զննում էին փաստաբաններին, ապա,  այսպես ասած, կասկածելի  իր հայտնաբերելու դեպքում, նրանցից պահանջում բացել պայուսակները` պարզելու համար, թե ինչ իր է ներսում: Իսկ երբ դատական կարգադրիչները մետաղորսիչով զննեցին փաստաբան Արայիկ Պապիկյանի պայուսակը ու  ձայնային ազդանշանից հետո հորդորեցին բացել այն, Արայիկ Պապիկյանը չենթարկվեց  կարգադրիչներին՝ ասելով, որ նրանք օրենքն են խախտում:

Կարգադրիչների հետ երկար բանավեճից հետո փաստաբանները դուրս եկան դատարանի շենքից ու  այլևս չմտան ներս՝ ասելով, որ տեղի ունեցողը ոչ թե արտաքին զննություն է, այլ՝ խուզարկություն: Հիշեցնենք, որ այս դահլիճը նիստից երկու օր առաջ ապակեպատել էին, եւ այսօր ոչինչ լսելի չէր, թե ինչ էր կատարվում ապակիներից այն կողմ: Լրագրողները փորձում էին կատարվածի մասին տեղեկություն ստանալ՝ կռահումներ անելով:  Ապակիներից այս կողմ գտնվող հարազատների նյարդերն էլ  ժամանակ առ ժամանակ տեղիք էին տալիս ու նրանք սկսում էին  բղավել ու պահանջել՝ «ձայն ապահովեք»:

Պավլիկ Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը բարձրացրեց փաստաբաններին խուզարկելու հարցը, ինչին ի պատասխան նիստը նախագահող դատավորն ասաց, որ դա զննություն է, որը սահմանված է Դատական օրենսգրքի 214 հոդվածով։ Այնուհետև՝  դատավորը  դատավարության մասնակիցներին ներկայացրեց  իրենց իրավունքներն ու պարտականությունները: Այդ զգուշացումն արվեց այն բանի համար, որ ամբաստանյալները դատարանի՝ դահլիճ մուտք գործելու ժամանակ ոտքի չէին կանգնել:  Սակայն դատավորի ելույթից հետո, դարձյալ  ապակյա պատնեշից այս կողմ քաղաքացիներին լսելի չէր դատաքննության մասնակիցների խոսքը, ինչը առաջացրեց ներկաների դժգոհությունը:  Նրանք պահանջում էին լուծել  խնդիրը։ Դրանից հետո    ամբաստանյալներից մեկին՝ Գագիկ Եղիազարյանին, բարձրախոս տրամադրվեց:

Ամբաստանյալի ելույթից հետո հերթը դատավորին էր։ Սակայն նրա  ելույթը այս անգամ ընդմիջեց «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը և հայտարարեց. «Դատավորը պարտավոր է այս գործով ինքնաբացարկ հայտնել, եթե նրա համար բարոյականությունը մարդկային արժեք է»:

Երկրորդ անգամ ընդմիջման պատճառը նիստերի դահլիճում ստեղծված լարված մթնոլորտն էր: Իսկ մինչ այդ՝ դատավոր Գաբրիելյանը սանկցիա կիրառեց՝  Գագիկ Եղիազարյանի նկատմամբ՝ նրան վեց ժամով հեռացնելով նիստերի դահլիճից։ Հետո էլ  դատական սանկցիա կիրառեց  Եղիազարյանի պաշտպան Տիգրան Եգորյանի նկատմամբ, քանի որ, ըստ դատավորի, վերջինս անհարգալից վերաբերմունք էր դրսեւորել դատարանի նկատմամբ, առանց դատավորին տեղյակ պահելու լքել էր  նիստերի դահլիճը:

Փաստաբանին պատասխանատության ենթարկելու դիմում կներկայացվի Փաստաբանների պալատ:  Արդեն տեղից հայտարարություն անելու համար դատական սանկցիա կիրառվեց և նիստերի դահլիճից հեռացվեց  նաև  Վարուժան Ավետիսյանը: Նիստը դարձյալ հետաձգվեց : Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին  Սասնա ծռեր խմբի անդամները ապօրինի պահվող զենքի գործադրմամբ զավթել են  ոստիկանության  ՊՊԾ գունդը շենքը, այնտեղ պատանդ պահել ոստիկանության և շտապբուժօգնության աշխատակիցներին, գույք ոչնչացրել։ Այս գործով կա ավելի քան 60 ներգրավված: Զինված խումբը ՊՊԾ գնդի տարածքը գրաված պահեց 15 օր, ինչից հետո զենքերը վայր դրեց և հանձնվեց իրավապահներին։ Այդ ընթացքում երեք ոստիկան զոհվեց։

Back to top button