Ոչ թե Ազգալդյանի մահվան, այլ անմահության 25 տարին


Այսօր՝ հունիսի 21-ին, լրանում է «Ազատագրական բանակի» հիմնադիր, ազատամարտիկ Լեոնիդ Ազգալդյանի զոհվելու 25-րդ տարին։ Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Ազգալդյանը որպես ռազմական առաջատար գործիչ մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին, գործուն դեր ունեցել ազգի սրբազան իղձերն ու արժանապատվությունը ամեն տեսակի ոտնձգություններից զենքը ձեռքին պաշտպանելու ոգորումներում։ 1990 թ. փետրվարից վարել է «Անկախության բանակ»-ի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների` հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրել և խոչընդոտել է խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցումը։ Արցախյան գոյամարտի ընթացքում Ազգալդյանի գլխավորած ջոկատը տվել է 6 զոհ: Յոթերորդն ինքն էր, իսկ իրենից 12 օր առաջ զոհվել էր տեղակալը` Վլադիմիր Բալայանը:
«Չհավատաք, եթե ասեն, որ մահացել եմ։ Ես կմեռնեմ Ստամբուլի պատերի տակ»,- սիրում էր կրկնել 1992 թ. հունիսի 21-ին, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտակայքում զոհված արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանը։
1991 թ ամռանը Ազգալդյանը ընկերոջ՝ Հովսեփ Հովսեփյանի հետ ստեղծեց «Ազատագրական բանակ» և «Անկախության Բանակ» ռազմական կառույցները՝ ստանձնելով դրանց հրամանատարությունը։ Կազմակերպել է Վարդենիսի, Քարվաճառի, Նոյեմբերյանի, Կոռնիձորի, Շահումյանի, Գետաշենի և մի շարք շրջանների ինքնապաշտպանությունը: Այստեղ է, որ նրա մարտական ընկերները մեծ հաճույքով մեջբերում են նրա մյուս թևավոր խոսքը. «Սա Հայաստան է և վերջ …. Ո′չ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէ, ո′չ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել: Ոչ մի գաղափարով չի կարելի արդարացնել Շահումյանի, Գետաշենի, Արցախի հանձնումը, ինչպես նաեւ մնացած հայոց հողերը…»:
«Ինչպես Զանգեզուրն ենք պարտական մեծն Նժդեհին, այնպես էլ ազգային գաղափարի անմնացորդ նվիրյալ Լեոնիդին ենք պարտական Քելբաջարի ամբողջ տարածքի ազատագրումը, «Ազատագրական բանակի» զինվորների անունից արձանագրում է ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը և հավելում՝ մենք այս տարի նշում ենք ոչ թե Ազգալդյանի մահվան, այլ անմահության 25-րդ տարին:
Լեոնիդը նախ ազգի զինվոր էր, գաղափար էր։ Ամենազորեղ բանակն անգամ չի կարող պաշտպանել երկիրը, եթե այն պաշտպանված չի ժողովրդով։ Լեոնիդը ժողովրդական հրամանատար էր։ Նրա կերպարն այսօր ավելի քան պետք է՝ նկատում է «Ազատագրական բանակի» անդամ Գագիկ Գինոսյանը և հիշում, թե ինչպես էր Ազգալդյանը մինչև մարտական գործողությունների սկիզբը Արագածի փեշերին իր ընկերների հետ նոր զենք ստեղծում։
«Նրա ստեղծած բանակն ու զինվորը կատարյալ էին։ Ազգալդյանի ջոկատում դաստիարակվել են ավելի շատ սպաներ, քան կարող էր դաստիարակել մի ողջ ռազմական ինստիտուտ։ Գինոսյանը հիշեց նաև մի դեպք, երբ արտասահմանցի լրագրողներից մեկը հարցազրույցի ընթացքում Լեոնիդին հարցրել է ՝ «Ի՞նչ գույն ունեք»՝ նկատի ունենալով կուսակցական պատկանելիությունը. «Նա ծնկել է, հող է վերցրել եւ ասել՝ ահա սա է իմ գույնը»:
Լեոնիդ Ազգալդյանը համոզված էր, որ զինվորականը չպետք է կուսակցական լինի։ Ուներ նաև համոզմունքներ, որոնք ինչ- որ առումով մարգարեական էին։ «Եթե ուզում ենք, որ Արցախը վերամիավորվի Հայաստանին, պիտի ազատագրենք Քելբաջարը»։ Լեոնիդ Ազգալդյան մարդու, տաղանդավոր գիտնականի, հանճարեղ ռազմական գործչի ու մտավորականի մասին նրան ճանաչողներն ու զինակից ընկերները կարող են պատմել ժամեր շարունակ։ Պատմել ու ամբողջացնել այն կերպարը, որը բնորոշ է միայն ու միայն հերոսին։ Հերոս էր ոչ միայն Լեոնիդ Ազգալդյանը, այլև նրա բանակի յուրաքանչյուր զինվորը։