Հասարակություն

Հայ փախստականների խնդիրը աշխարհին ներկայացնելու կարիք դեռ կա


Վաղն ամբողջ աշխարհում նշվելու է Փախստականների միջազգային օրը: Խնդիրը հիրավի նվաճել է «միջազգային» ձեւակերպումը, քանի որ փախստականների խնդիրն աշխարհում տարեցտարի ավելի է ահագնանում եւ ընդունող երկրների աշխարհագրությունն է մեծանում: «Այն, ինչ ԻՊ-ում կա այսօր, այդ ամենը մենք տեսել ենք Ադրբեջանում՝ 90-ականներին»,- ասում է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը: Հայ փախստականների խնդիրը աշխարհին ներկայացնելու կարիք դեռ կա՝ կարծում են հասարակական հատվածի որոշ կազմակերպություններ՝ մշակելով եւ ձեռնարկելով որոշ քայլեր:  

660 հազար հայ փախստականի փաստը Հայաստանը երբեք չքաղաքականացրեց եւ  չհակադրեց Ադրբեջանի «1 միլիոնից ավել»ի փախստականների պնդումներին: Դրանից, սակայն, փախստականների խնդիրը Հայաստանում չլուծվեց: Ադրբեջանից փախած հայ քաղաքացիների մեծ մասը գերադասեց հեռանալ նաեւ Հայաստանից: Այստեղ մնացին քչերը՝ մոտավորապես 70 հազարը: Այս տվյալներին է տիրապետում Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը: Համոզված է՝ այս հարցում կա մի քանի բացթողում:

«Իրենք արգելեցին հայ փախստականներին բնակությունը իրենց հայրենիքի մի հատվածում»:

 

Իրենք ասելով՝ Մարիամ Ավագյանը նկատի ունի Միջազգային ճգնաժամային խումբը, ում թեթեւ ձեռքով է ազատագրված հայկական տարածքներին տրվել միջազգային՝ «օկուպացված» ձեւակերպումը՝ դրանից բխող բոլոր արգելքներով: Փախստականների իրավունքների վերականգնմամբ եւ պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը շատ հաճախ հանդիպումներ է ունենում տարբեր դեսպանատներում: Այս տարի արդեն եղել են Մեծ Բրիտանիայի, Չեխիայի եւ Լեհաստանի դեսպանություններում, ուրբաթ օրվա համար օր է նշանակված Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատանը: Մարիամ Ավագյանը մարտական է տրամադրված՝ հստակ ասելիքով են գնալու դեսպանի մոտ:

 

Հայ փախստականների խնդրով զբաղվողները պնդում են, որ իրականությունը աշխարհին ներկայացնելու կարիք դեռ կա:

Այստեղ խնդիրը ոչ այնքան Մադրիդյան սկզբունքների մեջ է, որքան իրականությունը աշխարհին ներկայացնելու հարցն է: Ավելի քան 15 տարի Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի վարչական շրջանը ղեկավարած «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը, ով այժմ  Արեւելագիտության ինստիտուտի բաժնի վարիչ է, ժամանակին փորձեց իրականացնել վերաբնակեցման ծրագիրը: Պետական մակարդակով այն չստացվեց ու նաեւ կիսատ մնաց: Նախկին պաշտոնյան պնդում է, որ Հայաստանում փախստականների թեման ակտուալ չէ:

Ադրբեջանից փախստականների հարցին ուշադրություն հրավիրելու համար հասարակական հիմունքներով մշակվել էր  մեկ այլ ծրագիր: Դեռ 2013-ին որոշել էին Նոր Հաճընում, Աբովյանում կամ Չարենցավանում հիմնել Գարդմանի եւ Շիրվանի երկրագիտական թանգարան, որը զբաղվելու է այդ տարածքներում տարիներ առաջ բնակված հայերի պատմամշակութային առանձնահատկությունները ցուցադրելով:

Պետական կառույցներից՝ գրավոր հարցումներին ի պատասխան, որոշակի արձագանքներ պարբերաբար ստանում են, բայց գործնական քայլերին հերթն այդպես էլ չի հասնում:

Back to top button