Հասարակություն

Թիվ 1 տուն-ինտերնատում կլինեն զգալի փոփոխություններ. խոստանում է տնօրենը

Թիվ 1 տուն-ինտերնատը սեպտեմբերին ունենալու է նոր՝ մահճակալային մասնաշենք, իսկ տարեվերջին արդեն կլինեն զգալի փոփոխություններ: Մի քանի օր է, ինչ այս տուն-ինտերնատի շուրջ բարձրացել է լուրջ աղմուկ: Խնդրին երեկ անդրադարձել է նաեւ «Ռադիոլուրը»: Այսօր արդեն տուն-ինտերնատի նորանշանակ տնօրեն Վահան Զուրաբյանը հանդիպել է լրատվամիջոցների հետ՝ ներկայացնելու իր ճշմարտությունը: Սակայն ասուլիսից հետո այդպես էլ չի համաձայնել, որ ցանկացողներն իր հետ մեկնեին տուն-ինտերնատ եւ նկարահանումներ կատարեին, մի քանի ամիս ժամանակ խնդրեց եւ խոստացավ անպայման հաշվետու լինել՝ ծերանոցը դարձնելով թիվ մեկը հանրապետությունում:

 

Թիվ 1 տուն-ինտերնատի, այլ կերպ ասած ծերանոցի շենքի մոտ մի քանի ամիս է, ինչ մշտապես կանգնում է արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա: Տուն-ինտերնատի նոր՝ երիտասարդ ղեկավար Վահան Զուրաբյանի մեքենան շատերը նմանեցնում են թանկարժեք «Բենթլիի»: Իրականում այն «Քրայսլեր 300 c» մակնիշի ավտոմեքենա է: Տուն-ինտերնատի շուրջ բարձրացված աղմուկի շրջանակներում հանրությանը նաեւ հետաքրքրում է հենց այս հարցը՝ որտեղից երիտասարդ ղեկավարին այդ մեքենան, ինչ միջոցներով եւ մինչեւ տուն- ինտերնատի տնօրեն նշանակվելը որտեղ է աշխատել: Հարցադրումներում որեւէ «մութ» տողեր չթողնելու համար Վահան Զուրաբյանը որոշեց անձամբ փարատել բոլոր մտահոգությունները եւ կասկածները:

«Հանգրվան» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը, տեղեկացնենք, զբաղվում էր սոցիալական տան կացարաններում բնակվելու իրավունք ունեցող անձանց կացարանի եւ այլ սոցիալական ծառայություններ տրամադրելով։ Վերադառնալով տուն-ինտերնատի խնդիրներին՝  Զուրաբյանը չի թաքցնում՝ դրանք իհարկե կան, բայց բարձրացված աղմուկը ուղղորդված է:  «Իր դեմ աշխատո՞ւմ են»,- «Ռադիոլուրի» հարցին տվեց դրական պատասխան:

Ահազանգեր եւ բողոքներ՝ սրանք են պատճառը, որ թիվ 1 տուն-ինտերնատը հայտնվեց ուշադրության կենտրոնում եւ այնտեղ սկսեցին այցելել պատգամավորներ, ավագանու անդամներ եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներ: Ստուգումների արդյունքում արձանագրված մտահոգիչ փաստերի մասին երեկ խոսել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Տուն-ինտերնատի տնօրենի պնդմամբ՝ համացանցում տարածված 9 րոպեանոց տեսաձայնագրությունը միակողմանի է։ Մարտ ամսից հաստատությունը ղեկավարող Վարդան Զուրաբյանը չի վստահում նաեւ  Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին՝ շարունակելով պնդել, որ սննդի որակը տուն-ինտերնատում շատ լավն է: Ավելին՝ ՄԻՊ ներկայացուցիչներին մեղադրում է, որ չեն նայել եւ չեն ստուգել սառնարանում՝ կարգի համաձայն երեք օր պահվող սննդի նմուշները: Վահան Զուրաբյանը թեեւ չի ցանկանում խոսել իր նախորդ գործընկերոջ մասին, բայց եւ նրա խոսքերից տպավորություն է ստեղծվում, որ բոլոր խնդիրները նա ժառանգել է: Ամեն ինչը Զուրաբյանը փորձում է ներկայացնել նյութական տեսանկյունից, բայց աղմուկ հանած տեսանյութում կա մի հստակ ահազանգ՝ տարեցները բողոքում են անմարդկային վերաբերմունքից եւ ծեծից: Այս խնդիրների մասին տնօրենը հպանցիկ խոսեց:

Համացանցում աղմկահարույց տեսանկարահանումը տարածվել էր ահազանգը ստացած Երեւանի ավագանու անդամ Հարություն Բաբայանի շնորհիվ: Հենց նրանից «Ռադիոլուրը» ճշտեց, թե որքանով են ապահովագրված բողոքներ հնչեցրած տարեցների իրավունքները՝ հետագա ճնշումներից խուսափելու համար:

Ինչ վիճակ է այսօր տուն-ինտերնատում՝ լրագրողներն այս պահին չեն կարող մտնել շենք եւ հանդիպել տարեցների կամ աշխատողների հետ: Տնօրենը վկայակոչում է սոցիալական հարցերի նախարարությունից հատուկ թույլտվություն ստանալու կարգը, ինչպես նաեւ անհանգստությունը՝ տարեցների անդորրի համար:

Այս պահին տուն-ինտերնատում կա 250 խնամյալ: Ամեն տարի հաստատությունը պետբյուջեից ստանում է 1 միլիոն 200 հազար դրամի ֆինանսավորում, որը բավականացնում է տարրական ծախսերը հոգալու համար: Տուն- ինտերնատում անհրաժեշտ շինարարական աշխատանքներն իրականացվում են Քուվեյթի ֆինանսավորմամբ: Դրա շնորհիվ արդեն կառուցված է մահճակալային նոր մասնաշենք՝ 72 խնամյալի համար: Մեկ այլ ցուցանիշը փաստում է, որ Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում այս տարի արդեն մահացել է 25 մարդ: 13 դեպքը տեղի է ունեցել նախորդ տնօրենի ղեկավարման ժամանակ:

Back to top button