Մշակույթ

Ոսկե ծիրան. այս տարի յուրահատուկ հարուստ է Երևանյան պրեմիերաների ցանկը


«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներն այսօր ներկայացրել են փառատոնի  «ամենահամեղ» մասը: Շտապենք ասել, որ դա ծիրանը չէ:

 

«Ոսկե ծիրանի»  «ամենահամեղ մասն» ըստ փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբուլցյանի՝ փառատոնի արտամրցութային ծրագիրը, որի ցանկում են՝ Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ և Հարգանքի տուրք ծրագրերը:

Արտամրցութային ծրագրում ավանդույթի համաձայն ներառված են Կաննի, Բեռլինի և Վենետիկի միջազգային կինոփառատոնների մրցանակակիր ֆիլմերը: Դրանց թիվն այս տարի գերազանցում է 70-ը:

Փառատոնի հյուրերի բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանի բնորոշմամբ, այս տարի յուրահատուկ հարուստ է Երևանյան պրեմիերաների ցանկը:

«Դափնեկիների» թվում են՝ Վենետիկի կինոփառատոնում «Ոսկե առյուծ» ստացած ֆիլիպինցի ռեժիսոր Լավ Դիասի «Հեռացած կինը», Բեռլինի կինոփառատոնում «Ոսկե արջի» արժանացած հունգարացի Իլդիկո Էնյեդիի «Մարմնի և հոգու մասին» ֆիլմը, «Արծաթե արջի» արժանացած և մեծ աղմուկ հանած ֆին կինոռեժիսոր Ակի Կաուրիսմյակի «Հույսից անդին» ժապավենը և այլն:  Կաննի կինոփառատոնից ծրագրում ընդգրկված են՝ կորեացի ռեժիսոր Հոն Սան-սուի «Հաջորդ օրը», ֆրանսիացի ռեժիսոր  Ֆրանսուա Օզոնի «Երկդիմի սիրեկանը»:

Փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբուլցյանն ասում է, որ այս տարի հարուստ է նաև արտամրցութային ծրագրում ընդգրկված Հարգանքի տուրք և Հետահայաց ցուցադրություննեի ծրագիրը

«Հետահայաց ցուցադրություններ»-ի ծրագիրը կներկայացնի բրիտանացի հայտնի  ռեժիսոր Հյու Հադսոնի ֆիլմերի ընտրանին:

Հարգանքի տուրք կմատուցվի ֆրանսիացի ռեժիսոր  Ժան-Պիեռ Մելվիլի հարյուրամյա  հոբելյանի կապացությամբ: Կցուցադրվի ռեժիսորի ֆիլմերի ընտրանին՝ «24 ժամ ծաղրածուի կյանքից», «Ստվերների բանակը», «Լեոն Մորեն, քահանա», «Ծովի լռությունը», «Կարմիր շրջան»: Ֆրունզե Դովլաթյանի 90, Յուրի Երզնկյանի 95 և Սերգեյ Իսրայելյանի 80-ամյա հոբելյանների  կապակցությամբ կցուցադրվեն ռեժիսորների մասին պատմող կենսագրական ֆիլմեր:

Կցուցադրվի Անջեյ Վայդայի վերջին ֆիլմը՝ «Հետպատկերներ Անջեյ Վայդա»: Լեհական կինոյի մեծ վարպետը կյանքից հեռացավ 2016-ին, 90 տարեկանում»:

Հայեր՝ հայացք ներսից և դրսից. 

Ըստ ծրագրի համակարգող Անի Հակոբյանի, այստեղ հայտնվում են այն ֆիլմերը, որոնք չեն տեղավորվել   «Հայկական համայնապատկեր» ծրագրում: Իսկ «Հայկական համայնապատկերում» չեն  «տեղավորվում» այն ֆիլմերը, որոնց հեղինակները հայ չեն: Հայաստանի մասին պատմող հայ և օտարազգի հեղինակների ֆիլմերին անդրադարձող ծրագրում այս տարի ներառված է 36 ֆիլմ, որոնց թվում է ֆրանսիացի ռեժիսոր Սեմյուել Օբինի՝ Արա Գյուլերի մասին պատմող վավերագրական ֆիլմը:

Back to top button