Միջազգային

ԱՄՆ դաշնային դատախազությունը մեղադրագիր է ներկայացրել Էրդողանի թիկնապահների դեմ

ԱՄՆ դատախազությունը մեղադրագիր է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 10-ից ավելի թիկնապահների դեմ, ովքեր մասնակից են եղել Վաշինգտոնում թուրքական դեսպանատան առջև խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացրած ծեծկռտուքին։

Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում սրում առաջացնող այդ քայլին դիմող դաշնային դատախազությունը կարող է Թուրքիայից պահանջել ամբաստանյալների արտահանձնում կամ արգելել նրանց մուտքն ԱՄՆ։

«Խաղաղ ցուցարարների վրա դաժան հարձակում» որակված այդ հանցագործության արձանագրողները ԱՄՆ կառավարությունից կտրուկ քայլեր էին պահանջել Թուրքիայի դեմ։ Եղել են նաև Թուրքիայի դեսպանին Վաշինգտոնից վտարելու պահանջներ։

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը պահանջել էր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից զրկել Էրդողանի թիկնապահներին անձեռնմխելիության իրավունքից։

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այդ առիթով ասել էր. «Մենք անհանգիստ ենք, որովհետև ահա մեկ ամիս է անցել օտար կառավարության գործակալների կողմից իրականացված այդ դատապարտելի հարձակումից, սակայն Էրդողանի թիկնապահներն իրենց հանցագործության համար չեն մեղադրվել, և նախագահ Թրամփի վարչակարգը չի պահանջել Անկարայից, որ այդ հարձակման մասնակիցները զրկվեն անձեռնմխելիությունից»:

Համբարյաը նշել է, որ այդ ձերբակալությունները լավ սկիզբ են, սակայն ԱՄՆ կառավարությունը պետք է դիրքորոշում արտահայտի այն դեպքում, երբ օտար պետության գործակալները փորձում են բիրտ միջոցնեով ճնշել ԱՄՆ քաղաքացիների բողոքը։

«Սպիտակ տան և ԱԳՆ-ի անգործությունը չափազանց անհասկանալի է՝ բազմաթիվ կոնգրեսականների կողմից արձանագրված բողոքի լույսի ներքո»,-ասել է Համբարյանը։

Back to top button