Հասարակություն

ՄԻՊ ներկայացուցիչները «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում են

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում են:

«Արձագանքելով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի և Խաչիկ Գիչյանի պահման պայմանների մասին a1plus.am կայքում հրապարակված հայտարարությանը՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու խնդրի մանրամասներին»,- հաղորդում ենՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը հանդես է եկել պարզաբանմամբ. «Զանգվածային լրատվության միջոցներով փաստաբաններից մեկը հայտարարել է, որ «ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի չորս կալանավորված անձանց դռների վրա կողպեքներ են տեղադրվել, մինչդեռ հիվանդասենյակներում գոյություն չունեն մարդու կյանքի համար տարրական պայմաններ»։

Վերոգրյալի կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ ինչպես ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, այնպես էլ մյուս ՔԿՀ-ներում կալանավորված անձինք պահվում են ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի դրույթների համաձայն:

Հավելենք նաև, որ «Դատապարտյալների հիվանդանոց» բուժական հիմնարկում վերոնշյալ անձինք ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, իսկ նրանց սանիտարահիգիենիկ պայմանները բավարար են»:

Back to top button