Ոչ քաղաքացի է, ոչ գյուղացի


Լոռու մարզի Դարպաս գյուղը մյուս գյուղերի համեմատությամբ ունի ոռոգելի հողեր, սակայն չեն մշակվում՝ հողամիջյան ճանապարհներ չունենալու պատճառով: Գյուղացիները նախկինում աշխատել են գյուղի տարածքում գտնվող արտադրական տարբեր ձեռնարկություններում, չեն դժգոհել, հիմա աշխատում են քաղաքում կամ խոպան գնում:
Վանաձորից 1 կմ հեռավորությամբ դեպի հյուսիս-արևմուտք է գտնվում Դարպաս գյուղը, որի բնակչության մեծ մասը գրեթե քաղաքային կյանքով է ապրել՝ աշխատել են արտադրությունում, հող քչերն են մշակել: Դարպասի գյուղապետ Արմեն Ալոյանն ասում է, որ մինչև խորհրդային կարգերի փլուզումը սովխոզում աշխատել են համայնքի կազմում ներառված Մոլլա Ղշլաղ գյուղի ադրբեջանցիները: Տարածքի հողերը բերրի են, մասամբ՝ ոռոգելի: Դարպասը արտադրական կենտրոններից մեկն է եղել, ունեցել է 23 ձեռնարկություն՝ Էլեկտրոն գործարանը, կահույքի ֆաբրիկան, երկաթբետոնե շինվածքների գործարանը, փայտամշակման կոմբինատը և այլն:
«Բոլորը մեր համայնքի վարչական տարածքում էր: Չգիտեմ ում թեթև ձեռքով 2006թ 300-400 հա միացվեց Վանաձորի վարչական տարածքին, նաև երկրաշարժից հետո շատ լավ բերրի հողեր տրվեց Վանաձորին՝ Տարոն 1 թաղամասը սարքելու համար»:
Արտադրությունում աշխատող գյուղացին հողերի սեփականաշնորհումից հետո սկսեց զբացվել գյուղատնտեսությամբ, քանի դեռ գյուղում կար մեքենատրակտորային կայանը, որի միջոցով հեշտացվում էր ճանապարհներ չունեցող հողերի մշակումը: Բոլորը միատեսակ մշակաբույս են ցանել ու բերք ստացել: Մեքենատրակտորային կայանը 1999թ սեփականաշնորհվել է ու լուծարվել, գույքն էլ՝ վաճառվել: Համայնքի 178.2 հա ընդհանուր տարածքից ոռոգելի է միայն 80 հա: Հողերի մասնավորեցման ընթացքում գյուղացիներին հատկացվել է ոռոգելի և անջրդի հողերից հատվածներ, որոնք իրարից տարբեր հեռավորություների վրա են գտնվում: Գյուղացին հիմա սեփականաշնորհված հողերը չի մշակում, բավարարվում է միայն տնամերձ հողամասով:
Անիկ Աբրահամյանին հանդիպեսի իր տնամերձ հողամասում կարտոֆիլի ցանքատարածքում դդում ցանելիս: Անցյալ տարի էլ էր ցանել ու լավ բերք ստացել, կարտոֆիլն ու դդումը միայն իրենց ընտանիքի համար է, դեռ չի բավականացնում: Հարցին՝ ինչով եք ապրում, պատասխանեց. «Հարսս նպաստ ա ստանում, էդ ա, աշխատում էր, հիմա՝ չի աշխատում, թևը ցավում ա, ամուսինս մահացել ա, ազիզ, տղես էլ խոպանա ա գնացել»:
Արտագնա աշխատանքի շատերն են մեկնում, թեև գյուղապետ Արմեն Ալոյանն ասում է, որ գյուղում էլ աշխատանք կա, սակայն գյուղացիները գերադասում են այլ վայրում աշխատել:
«Հիմա գյուղում տարբեր շինարարական աշխատանքներ են կատարվում, բանվոր չեմ կարողանում ճարել, դժվարանում եմ: Պատճառաբանում են աշխատավարձը քիչ ա, բայց էդքան էլ քիչ չի, ուղղակի ուզում են դրսում աշխատել: Լավ վարպետ ճարելը շատ դժվար ա, ուզում են դրսում աշխատեն», -դժգոհեց համայնքի ղեկավարը:
Խոպանի հույսով շատ ու շատ ընտանիքներ են ապրում: Գյուղամիջյան ճանապարհով բարձրանալիս նկատեցի, որ մեկ այլ տնամերձ փոքր հողամասում 2 կին սխտոր են մշակում, որը շատ ջուր չի պահանջում: Ոռոգման ներքին ցանց չունենալու պատճառով գյւողացիները գտել են հող մշակելու հարմարավետ մշակաբույսեր, որոնք անձրևների հույսին են աճում: Հարցին, թե ինչպես են ապրում, պատասխանեցին՝ ապրել, չենք ապրում, էս չգիտեմ ինչ ա, գոյատևում ենք:
Գյուղացիներին գյուղում պահելու, հող մշակելու, աշխատանքից արդյունք քաղելու և լավ ապրելու կառավարության առաջարկած լավագույն տարբերակը կոոպերատիվների ստեղծումն է, որը հնարավորություն կտա միավորված գյուղացիական տնտեսություններին ձեռք բերել գյուղտեխնիկա և անհրաժեշտ սարքավորումներ, միասին վարել, ցանել, հնձել միմյանցից միայն սահմանագծով տարանջատվող գյուղնշանակության հողերը:
«Եթե մեկն ուզում ա կարտոշկա ցանի, մյուսը ցորեն, էդպես չի լինի, չեն կարող մեկի հողի գլխով տե;նիկան բերես քո հող ու վարես ցանես: Պետք է միավորվեն, բայց ես չեմ կարողանում համախմբեմ էդքան մարդ, ստեղծեմ կոոպերատիվ, որ դառնա մի սեփականություն»,- ասաց Արմեն Ալոյանը:
Գյուղացիներին համախմբելու գյուղապետի անկարողությունը ամեն ինչի նկատմամբ ունեցած անվստահության մեջ է: