Հասարակություն

Թբիլիսահայ երիտասարդը՝ ՄԱԿ-ում վրաց երիտասարդության պատվիրակ


Վրաստանի երիատասարդներին ՄԱԿ-ում կներկայացնի թբիլիսահայ երիտասարդ Գիորգի Թումասյանը։ Վրաստանի Սպորտի և երիտասարդության ու Արտաքին գործերի նախարարությունների կողմից մանդատի համար հայտարարված մրցույթում շուրջ երկու տասնյակ թեկնածուների շարքում Թումասյանը հաջողությամբ հաղթահարել է երեք փուլերը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում նա ասել է, որ առջևում երկար աշխատանք է սպասվում․սեպտեմբերին ՄԱԿ-ի  ամբիոնից պետք է բարձրացնի Վրաստանի երիտասարդությանը հուզող հարցերը:

 

Թբիլիսահայ երիտասարդ Գիորգի Թումասյանը պատրաստվում է  Նյու Յորք մեկնելուց առաջ ևս մեկ անգամ շրջել Վրաստանի ողջ տարածքով, լինել  հեռավոր գյուղերում, այդ թվում նաև ազգային փոքրամասնություններով բնակեցված շրջաններում՝ (հայաբնակ Սամցխե-Ջավախեթի, ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլի․․․) տեղում ծանոթանալու երիտասարդների խնդիրներին։

Թբիլիսիի Ազատ համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտը դեռ ուսանողական տարիներից բարձր առաջադիմությունից զատ աչքի էր ընկնում նաև հասարակական կյանքում դրսևորած գործունեությամբ: Նա իր ստեղծած Խաղաղության հիմնադրամի շրջանակներում երիտասարդ գործիչների հետ աշխատում է Վրաստանի եվրաինտեգրման, հակամարտությունների խաղաղ կարգավորման, քաղաքացիական հասարկության կայացման ու ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

Ինքը՝ որպես այդ փոքրմասնության ներկայացուցիչ, դժվարություններ չի ունեցել ՄԱԿ-ում Վրաստանի երիտասարդության պատվիրակ ընտրվելու ճանապարհին, որովեհտև, ինչպես ասում է․«Վրաստանն իր եվրաինտեգրման ճանապարհին արդեն առաջ է գնացել ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Մենք այսօր ունենք մի երկիր, որտեղ երիտասարդության ներկայացուցիչը ՄԱԿ-ում հավասարապես կարող է լինել նաև փոքրամասնության ներկայացուցիչ»։

Վրաստանի երիտասարդության գլխավոր խնդիրը գործազրկությունն է։ Բազմազգ Վրաստանում ազգային փոքրամասնության ներկայացուցիչ երիտասարդները դրանից զատ այլ խնդիրների ևս ունեն․

«Փոքրամասնությունների ներկայացուցիչները վատ են տիրապետում երկրի պետական լեզվին՝ վրացերերնին, լիարժեք ծանոթ չեն սահմանադրությանը, ինտերգրացման մակարդակը հատկապես շրջաններում ցածր է»։

Թումասյանն ի մի է բերելու բոլոր այս հարցերը՝ ՄԱԿ-ում փորձելով խոսել Վրաստանի երիտասարդ քաղաքացիների անունից։ Նա արդեն սեպտեմբերին առաջին ելույթը կունենա ՄԱԿ-ի ամբիոնից։ Մեկ տարվա ընթացքում կմասնակցի նաև կազմակերպության տարբեր նիստերին, միջոցառումներին, ինչպես նաև երիտասարդության հարցով բանձևերի մշակմանը:

Back to top button