Պատահական միս սպառողին չի հասնի
Հայաստանի կառավարությունը խոստանում է՝ մեկ տարի հետո պատահական միս սպառողին չի հասնի: Որդեգրված է հստակ քաղաքականություն՝ աստիճանաբար անցում կատարել պարտադիր սպանդանոցային մորթին: Մինչ այդ, անելիքները շատ են: Հայաստանի մի շարք մարզերում ու համայնքներում սպանդանոցներ չկան: «Ռադիոլուրի» զրուցակիցը, օրինակ, Արագածոտնի մարզից Արարատ է հասնում, քանի որ իրենց մարզում սպանդանոցներ չկան: Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արմավիրում նույնպես չկան սպանդանոցներ:
Ամեն տարի Հայաստանում մինչև 30 հազար տոննա տավարի միս է սպառվում, խոզի միսն ավելի շատ՝ (46 հազարից ավելի), մանր եղջերավոր կենդանիներինը՝ մոտ վեց անգամ պակաս (՝շուրջ 5 հազար տոննա): Մոտ մեկ տարի անց, նույն այս օրերին, ՍԱՊԾ-ը վերջին շտկումները կկատարի, 2018թ հուլիսի 1- ը պարտադիր սպանադոցային մորթին անցնելու վերջնաժամկետն է: Միսը սպանդանոցում մորթելն իհարկե դրական է, սակայն Հայաստանի ոչ բոլոր մարզերն ունեն սպանդանոցներ: Արագածոտնի մարզի Կանչ համայնքից ֆերմեր Հարություն Մխիթարյանը ոչխարաբուծությամբ է զբաղվում։ Ամեն անգամ մորթի համար Արարատի մարզի Մասիսի տարածաշրջան է հասնում։ Իրենց մարզում սպանդանոց չկա՝ ասում է։ Ուստի ստիպված են մարզից մարզ հասնել։
«Ստեղծեցին սպանդանոցներ անունը, իբրեւ կուլտուրական, բայց ֆերմերի համար ավելի վատ էֆեկտ է ստանում: Գառը հանձնում ենք, կիլոն ընդունում են 1850 դրամով»:
Հայաստանն ունի Իրանի պես հարևան՝ ասում է զրուցակիցս ու հիշում երանելի տարիները։ Դրանք, ի դեպ, ոչ վաղ անցյալում էին։
«Թեքերը վերցնում են, փալաճեքը հանում են, թափում, դմակը հանում են, քերթում են, թալանում են: Դրանից 5- 6 տարի առաջ ամենափոքր գառը ծախվում էր 50 հազար դրամով: Իսկ այսօր՝ 30 հազար դրամ: Էն ժամանակ պարսիկը գալիս էր 70 հազար էր ուզում մի գառի համար»:
ՍԱՊԾ Իշխան Կարապետյանը նույնպես նշում է, որ սպանդանոցների ավելացման կարիք կա: Սսակայն, կարծում է, որ ներդրողներն իրենք ցանկություն կհայտնեն ու սպանդանոցներ կկառուցեն:
Խնդրին կառավարության վերջին նիստում անդրադարձավ նաև վարչապետ Կարեն Կարապետյանը. «Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով սահմանված հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցման առաջնահերթ գերակայությունը՝ անհրաժեշտ է առաջին հերթին լուծել հանրապետության ամբողջ տարածքում սպանդանոցային հնարավորությունների ստեղծումը: Սպանդանոցային կարողությունների իրավիճակային գնահատումը ցույց է տվել, որ հանրապետության որոշ մարզերում չկան գործող սպանդանոցներ, իսկ մյուս մարզերում կա լրացուցիչ սպանդանոցների ստեղծման անհրաժեշտություն»:
Տնտեսական զարգացման և ներդրումների և գյուղատնտեսության նախարարները մեկամսյա ժամկետում կքննարկեն և կառավարության աշխատակազմ կներկայացնեն առաջարկություն հանրապետության տարածքում նոր սպանդանոցային կարողությունների ձևավորման հնարավորությունների վերաբերյալ: Չեն մոռանա նշել նաև դրանց ֆինանսավորման հնարավոր աղբյուրները:
Մինչ այդ, կառավարությունն իր վերջի նիստում հաստատեց «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: Հայաստանում բակերում կենդանիների մորթի համար 100 հազար դրամ տուգանք կնշանակվի: Օրենսգրքում փոփոխությունները հավանության արժանացան կառավարության վերջին նիստում:
Այս տարվա մայիսի 1-ից արդեն պետական գնումներով միս ձեռք է բերվում բացառապես սպանդանոցային մորթի դեպքում: Տեղական մսամթերքի եւ մսի արտադրողների ու արտահանողների համար այն կգործի նոյեմբերի 1-ից։ 2018 թվականի մարտի 1-ից պահանջն ուժի մեջ կմտի շուկաների համար, ապրիլի 1-ից՝ մայրաքաղաքում առկա հասարակական սննդի կետերի համար։
Վերջապես, 2018 թվականի հունիսի 1-ից միս միայն սպանդանոցներից պետք է գնեն մարզերում գործող հասարակական սննդի կետերը։