ՎերլուծականՔաղաքական

Ի՞նչ սպասել ՄԽ համանախագահների այս այցից

 

Նախորդ տարվա ապրիլից հետո ղարաբաղյան խնդրում խիստ որոշակի հանձնառություններ են դրված, որոնք պետք է իրագործեն հակամարտության կողմերը: Հայկական կողմը որևէ անգամ չի թերագնահատել հրադադարի պահպանմանը միտված որևէ առաջարկ, իսկ դրանք շատ որոշակի են. և Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններում նշվում է հետաքննության մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության մասին, ինչը հնարավորություն կտա հասկանալու,  թե  որ կողմն է նախահարձակ լինում։ Սա նաև հասցեական հայտարարություններ անելու և կոնկրետ խոսելու հնարավորություն կտա: Բացի դա՝ նշվում է Կասպրշիկի աշխատակազմի թվաքանակի ավելացման մասին, ինչի մասին վերջերս ևս մեկ անգամ շեշտել են միջնորդները։ Խոսքը թվաքանակը 7-ով ավելացնելու մասին է, ինչը շատ փորձագետներ ոչ այնքան  արդյունավետ են համարում,  շեշտելով՝ ոչ թե թվաքանակի ավելացումը, այլ դեսպան Կասպրշիկի աշխատակազմի լիազորությունների ընդլայնումն է կարևոր:

Ինչևէ, այսօր տարածաշրջանային այցով Հայաստանում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Առաջին հարցը թերևս այն է, թե ինչքանով այս այցը կնպաստի Երևանի ու Բաքվի կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը: Այստեղ իհարկե պետք է միշտ նշել, որ հանձնառություններից  հրաժարվողը հենց Բաքուն է: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը միջնորդների այս այցից որևէ սպասելիք չունի։

Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի  առաջատար գիտաշխատող Ալեքսանդր Սկակովը  նույնպես որևէ սպասելիք չունի համանախագահների այցից.

«Ոչինչ չեք կարող սպասել այս այցից, քանի որ ՄԽ համանախագահների ու  Մոսկվայի նպատակն այսօր հետաքննության մեխանիզմների ներդրումն է ինչը կկանխի լարվածության հնարավորությունը  ու պատերազմի հավանականությունը սահմանագոտում: Սակայն Լավրովը մի քանի անգամ նշել է, որ այս վիճակից ելք գտնելու համաձայնություն չկա, չկան Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու միջոցներ, որպեսզի այդ երկիրը համաձայնի այդ ձևաչափին»,- ասում է։

Բացի դա՝ չկա նաև համաձայնություն հետաքննության մեխանիզմների ներդրման ու Կասպրշիկի աշխատակազմի թվաքանակի ավելացման հարցում՝ ասաց ռուս փորձագետը:

Ու քանի դեռ ներդրված չեն հետաքննության մեխանիզմները, անիմաստ է խոսել սահմանագոտում իրավիճակի թուլացման մասին: Սկակովի կարծիքով՝ ապագայում հակամարտությանն գոտում լարվածության աճը չի բացառվում, սակայն պատերազմի վերսկսում քիչ հավանական է։

Back to top button