Մշակույթ

Ալբերտ Մխիթարյանի ցուցահանդեսը Երեւանում. Նիցցայի Աստվածամոր տաճարի գլխավոր շքամուտքին նրա հարթաքանդակն է

<<Արտասահմանում բազմաթիվ ցուցահանդեսներ եմ ունեցել, բայց հայաստանյան  արվեստասերի գնահատականն ինձ համար ուրիշ է>>,-ասում է Ֆրանսիայից ժամանած քանդակագործ և նկարիչ Ալբերտ Մխիթարյանը: Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում հունիսի 6-ին բացվել է նրա  անհատական ցուցահանդեսը։

Ծնունդով գյումրեցի Ալբերտ Մխիթարյանը 1981 թվականին ավարտել է  Երևանի  պոլիտեխնիկական  ինստիտուտի  ճարտարապետության բաժինը: Ճարտարապետությանը զուգահեռ միշտ զբաղվել է  քանդակագործությամբ ու նկարչությամբ:  Ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում, Իրանում և Միացյալ Նահանգներում։  Նրա վերջին ցուցահանդեսը Հայաստանում 1998 թվականին էր: Նույն թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիա։  <<Ֆրանսիայում անմիջապես մի քանի պատվերներ ունեցա: 1999 թվականին  Նիցցայի եկեղեցական խորհրդի պատվերով  ստեղծեցի երկու մետր բարձրությամբ  խաչքար տեղի հայկական եկեղեցու բակի համար>>,-պատմում է արվեստագետը

<< Խաչքարի բացմանը մասնակցում էին Նիցցայի եկեղեցական տարբեր համայնքների ներկայացուցիչներ, այդ թվում Նիցցայի Աստվածամոր տաճարի հոգևորր առաջնորդը: Նա ասաց, որ տաճարի շքամուտքի վերևի հատվածում անընդհատ ինչ-որ բան են փորձել անել, բայց ոչինչ չի ստացվել և երկար տարիներ  այդ մասը մի տեսակ դատարկ է մնացել: Առաջարկեցին հարթաքանդակ ստեղծել, որը կփաստեր նաև, որ  քրիստոնեությունը որպես պետական կրոն գոյություն ունի արդեն 1700 տարի և այն ընդունած առաջին պետությունը Հայաստանն է>>:

Նիցցայի Աստվածամոր տաճարի գլխավոր շքամուտքն այժմ զարդարում է մեր հայրենակցի հարթաքանդակը, որի աջ կողմում Էջմիածնի մայր տաճարն է: Ֆրանսիայում Ալբերտ Մխիթարյանն ուսումնասիրել է ամբողջ 20-րդ դարի գեղանկարչություն ու քանդակագործությունը: Արվեստագետի ճաշակի մեջ շատ  բան է փոխվել, բայց ոչ հայկական ձեռագիրը: <<Երբ Ժանսեմն առաջին անգամ ծանոթացավ իմ աշխատանքներին, ասաց՝ որտեղ էլ տեսնեի այս գործերը, պիտի ասեի, որ հեղինակը հայ է: Միջնադարյան հայ քանդակագործության ձեռագիրն ակնհայտ է>>:

Հայկական ձեռագրով ու ինքնուրույն մտածողությամբ Ալբերտ Մխիթարյանի քանդակներն ու գեղանկարները ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում, իսկ Հայաստանում, ինչպես նշվեց, վերջին ցուցահանդեսը 1998 թվականին էր: Երկար ընդմիջումից հետո հայ արվեստասերի հետ նոր հանդիպումը անհրաժեշտություն էր: Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում հունիսի 6-ին բացվեց  Ալբերտ Մխիթարյանի անհատական ցուցահանդեսը։ <<Հայ հանդիսատեսի աչքն ու կարծիքը յուրահատուկ է: Այստեղի մի քննադատությունն ինձ համար դրսի հազար գովեստն արժե>>,- ասում է:

Արվեստագետը մեծ ցանկություն ունի  2018-ին Երևանի 2800-ամյակի առիթով ցուցահանդես կազմակերպել Հայաստանի ազգային պատկերասրահում: Շատ շնորհակալ կլինի, եթե այդ հարցում ստանա մշակույթի նախարարության  համաձայնությունը: Միաժամանակ, տեղյակ է,  որ կառավարությունն այժմ լուրջ ծրագիր է իրականացնում իր ծննդավայրում՝ Գյումրիում: <<Պատրաստ եմ օգնել՝ ինչով կարող եմ>>,- ասում է Ալբերտ Մխիթարյանը:

Back to top button