Պակասեց Երևանի ամենաինքնատիպ ու հետաքրքիր գույներից մեկը
«Պուշկինի անվան դպրոցի 5-րդ դասարանում էի սովորում… Ծնողներս Մոսկվա էին մեկնել ու բազմաթիվ ձայնասկավառակներ բերել՝ դասական երաժշտություն, ռոմանսներ, շլյագերներ… Ու այդ բոլորի մեջ կար այն միակ ձայնասկավառակը՝ չափսերով ավելի փոքր, որից չէի կարողանում պոկվել. ոգեշնչող ու հիացնող երաժշտություն, ամերիկացի երաժիշտներ, ռիթմ, որն ինձ կլանում էր…»:
Այսպես նա կլանվեց ջազով ու այդ երաժշտությամբ կլանվել ստիպեց շատ-շատերին՝ամրագրելով իր տեղը որպես հայկական ջազի ակունքներում կանգնած երաժիշտ, հարվածային գործիքներ նվագող Արմեն Թութունջյան, որին բոլորը ճանաչում ու սիրում են որպես Չիկո:
Երեկ պակասեց մեր քաղաքի ամենաինքնատիպ ու հետաքրքիր գույներից մեկը:
«Ինքնատիպ արվեստագետ, հարվածային գործիքների դպրոցի հիմնադիրներից մեկը, որը նաև հրաշալի սերունդ կրթեց, հայկական ջազում կարևոր հետք թողած երաժիշտ. Արմեն Թութունջյանի մասին կարելի է ասել միայն լավը»,-մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Արմինե Ղազարյանն ասում է, որ Չիկոյի հետ համագործակցության յուրաքանչյուր փորձ ավարտվել է հաջողությամբ:
Նախարարության աջակցությամբ երկու տարի առաջ նա հանրության դատին հանձնեց «Ջազը Հայաստանում» հեղինակային գիրքը, առաջին ամփոփ աշխատությունը, որում ներկայացված է հայկական ջազի պատմությունը՝ 20-րդ դարի 30-ականներից մինչև մեր օրերը:
Չիկոն պատմում էր, որ գրքում ներկայացված 57 ականավոր հայ ջազմեններից ընդամենը մի քանիսի հետ էր, որ նրան չէր հաջողվել շփվել. մյուսները կա՛մ իր դասախոսներն էին, կա՛մ գործընկերները:
Հայաստանի ջազ նվագախմբի գեղարվեստան ղեկավար Արմեն Հյուսնունցի բնորոշմամբ, Արմեն Թութունջյանի հեղինակած այս գիրքը բացառիկ փաստաթուղթ է, որն իր ակնարկներով, պատմական, մասնագիտական, անգամ գիտական վերլուծություններով ամրագրում է հայկական ջազի շուրջ 80-ամյա պատմությունը. հոբելյանը 2018-ին է:
«Իր գործին անմնացորդ նվիրված, ազնիվ, հումորով, լավատես, հայրենասեր, բացառիկ արվեստագետ». Արմեն Հյուսնունցի հիշողության մեջ հենց այսպիսին կմնա իր մտերիմ ընկերն ու սիրելի արվեստագետը՝ Չիկոն:
Արմեն Թութունջյանն ապրեց 73 տարի։ Նա Երևանի պետական կոնսերվատորիայի դոցենտ էր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ: Մահվանից ընդամենը մի քանի ժամ առաջ նկարահանել է իր հեղինակային «Ջազի ժամը» հաղորդաշարի հերթական թողարկումը «Երկիր Մեդիայում»: