ԱԺ-ն ավարտեց արտահերթը. աղմկահարույց նախագծերից երկուսն ընդունվեց


Այսօր խորհրդարանի արտահերթ նիստում միաձայն՝ 92 կողմ քվեարկությամբ եւ վերջին ընթերցմամբ ընդունված հարցերից է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստեղծմանն առնչվող նախագիծը: Այն բուռն քննարկումների պատճառ դարձավ, անանուն եւ անհատական ազդարարների ինստիտուտի ներդրումը արագորեն ստացավ «գործ տվողներ» որակումը։ Արդյո՞ք դրանից կոռուպցիան կպակասի, թե՞ ոչ՝ այսպիսի կանխատեսումներ անողները դեռ շատ չեն: Ընդդիմությունը կարծում է, որ պայքարի այս ձեւը բավարար չէ, բայց կողմ է քվեարկել, քանի որ ունենք այն, ինչ ունենք: Նույնիսկ օրինագիծը ներկայացնող հեղինակը՝ Արփինե Հովհաննիսյանն ակնարկում եւ համաձայնում է, որ այս մեկ քայլն իհարկե բավարար չէ:
Ընդունված է համարել, որ մենք՝ հայերս, շատ «շնորհակալ» ազգ ենք եւ ամեն առիթով հայտնում են, այսպես կոչված, շնորհակալություններ տարբեր առիթներով եւ տարբեր ձեւերով։ Այսպիսի հասարակության մեջ արդյո՞ք հնարավոր է իրական պայքար ծավալել կոռուպցիայի դեմ՝ «Ռադիոլուրի» այս հարցին պատասխանում է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենսդրական նախաձեռնության քննարկման ավարտին Աժ ամբիոնից նախագծի հեղինակ, խորհրդարանի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը մի շարք շնորհակալություններ հայտնեց նախագծի շուրջ իր հետ աշխատած մասնագետներին: Նրանց թվում էին նաեւ հակակոռուպցիոն կենտրոնի որոշ ներկայացուցիչներ: Վարուժան Հոկտանյանին շնորհակալությունների բաժին չհասավ, թերեւս նրանից է, որ համատեղ չեն աշխատել: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչը դեռեւս չի շտապում գնահատել կոռուպցիայի դեմ պայքարող նոր մարմնի հնարավորությունները:
Հիշեցնենք, որ կոռուպցիայի դեմ Հայաստանում պայքարել են մշտապես, երկարատեւ, տարբեր ձեւերով: Վերջին մարմինը՝ 2015-ին կառավարության որոշմամբ ստեղծված Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդն էր։ Տպավորիչ որեւէ արդյունքով այն աչքի չընկավ: Այդ խորհրդի կազմում կոռուպցիայի դեմ անարդյունավետ պայքարեցին նախկինները՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ այլք: 2018-ին ստեղծվելիք հանձնաժողովի ձեւավորման կարգը նույնպես վստահություն չի ներշնչում ընդդիմադիր պատգամավորներին, բայց նրանք կողմ քվեարկեցին նախագծին, քանի որ իշխանությունը ընդառաջ գնաց եւ համաձայնեց, որ խորհրդարանական ընդդիմությունը հանձնաժողովում թեկնածու առաջադրելու իրավունք ունենա: «Ելք» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հստակ պատկերացնում է, թե ինչպես պետք է աշխատել նոր ստեղծվելիք մարմնի հետ:
Իշխանությունն ամեն դեպքում փորձում է լինել ազնիվ: Աժ փոխխոսնակ, օրինագծի հեղինակ հանրապետական Արփինե Հովհաննիսյանի շուրթերով փոխանցում է՝ համադարման չեն ստեղծել: Իշխանությունների քաղաքական կամքմ ամենաշատը հարցականի տակ դրեց «Ծառուկյան» խմբակցությունից պատգամավոր, նախկինում որոշ ժամանակ կոռուպցիոն ամենառիսկային ոլորտը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ղեկավարած Գեւորգ Պետրոսյանը:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը դեռեւս չի պատկերացնում, թե ընտրակաշառքի ուժով եւ ռեսուրսով իրականացվող ընտրություններից հետո ինչպես է ծավալվելու կոռուպցիայի դեմ պայքարը:
Ի դեպ, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը՝ ԳՐԵԿՈ-ն 2016-ի սկզբում իր զեկույցում կենտրոնացել էր խորհրդարանականների, դատավորների եւ դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման վրա։ ԳՐԵԿՈ-ն կարևորում էր հատկապես, որ խորհրդարանականների, դատավորների եւ դատախազների կողմից նվերների ընդունման կանոնների, ինչպես նաեւ կանոնավոր կերպով ներկայացվող հայտարարագրերի վերահսկողությունն ու կիրարկումն առավել զարգացվի եւ դարձվի առավել արդյունավետ։ Այսօր ընդունված նախագծով, ի դեպ, նախատեսվում է ընդլայնել հայտարարագրեր ներկայացնողների ցանկը՝ քառապատկելով եւ հասցնելով 2200-ի: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հետեւելու է հայտարարագրերին, քննելու է դրանց առնչվող խախտումներին վերաբերող գործեր։ Հանձնաժողովի անդամներին ընտրելու է խորհրդարանը՝ պատգամավորների թվի ձայների մեծամասնությամբ եւ սա եւս մեկ պատճառ է դեռեւս հարցականի տակ դնելու դեռ չստեղծված հանձնաժողովի անկախությունը: