Հասարակություն

Վարչապետի հանձնարականի հետքերով. վերահսկողական գործառույթ Զվարթնոցում


Հայաստան այցելող զբոսաշրջիկները մեր երկրի հետ առաջինը ծանոթանում են «Զվարթնոց» օդանավակայանում: Այստեղ նրանց առաջինը տաքսիների վարորդներն են դիմավորում: Շատ հաճախ նրանք ուղևորափոխադրում են իրականացնում առանց համապատասխան հավաստագրի: Խնդրին երեկ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ՝ տրանպորտի, կապի ու ՏՏ նախարարին հանձնարարելով  ուշադրության կենտրոնում  պահել  այն: Նախարարության տրանսպորտային տեսչությունն ամենօրյա գործառույթների շրջանակներում այսօր Կարեն Կարապետյանի մատնանշած տարածքում՝ «Զվարթնոց» օդանավակայանում էր վերահսկողություն իրականացնում:

Պրոբլեմը բոլորս շատ լավ գիտենք, անթրաշ, չստիկով, սիգարետը բերանին, Երևանյան լիճը Սևանա լճի տեղ Մալաթիա-Սեբաստիայով բերել, տարիֆների տարբեր կիրառում և այլն: Լիցենզիա տրամադրելու ժամանակ մենք պահանջո՞ւմ ենք վարորդի տեսքը ինչպիսին պետք է լինի, ուղևորի հետ ոնց պիտի իրան պահի: Պարոն Գասպարյան, ձեզանից ակնկալում ենք շատ կոշտ, պռոստը անթույլատրելի ա, 20-30 հազարով Մալաթիա-Սեբաստիայով պտտվելով բերում են Երևանյան լիճ՝ որպես Սևան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան

 

Տրանսպորտի, կապի ու  ՏՏ  տրանսպորտային տեսչության աշխատակիցները վարչապետի բնութագրած արտաքինով վարորդների չհանդիպեցին, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում չլիցենզավորված գործունեություն իրականացնող վարորդների  հանդիպեցին: Նրանից  մեկը, օրինակ, Արմավիրի մարզից էր օդանավակայան հասել, վստահեցրեց՝  նոր է աշխատանքի անցել:

Պարզվեց սակայն, որ անհատ տաքսու վարորդ էր, չուներ տաքսի վարելու  համապատասխան հավաստագիր: Լինում են դեպքեր, երբ վարորդը փնտրում, սակայն  համապատասխան արտոնագիրն այդպես էլ չի գտնում:

Իրականում այս կազմակերպության տաքսի վարելու իրավունքը կասեցված էր: Մինչդեռ, արտոնագիր ստանալը, ինչպես պարզվեց, շատ հեշտ է: Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարության տրանսպորտային տեսչության պետի տեղակալ Հայկ Մարտիրոսյանն էլ է կարգը խստացնելու անհրաժեշտություն տեսնում.

«Բավարարվում ենք միայն գրավոր հայտարարությամբ»,- ասաց Հայկ Մարտիրոսյանը:

Այս պահին ուղևորները, ու ոչ միայն, լիցենզավորված մեքենան արտոնագիր չունեցողից տարբերում են դիմապակուն փակցրած ներդիրով։ Տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարարության տրանսպորտային տեսչության պետի տեղակալ Հայկ Մարտիրոսյան. «Գոյություն ունի ստացած ներդիր նախարարության կողմից, որը լիցենզիայի անբաժանելի մասն է կազմում: Այն պետք է պարտադիր փակցված լինի համապատասխան տեղում: Տեսչության աշխատակիցները համապատասխան կոդի օգնությամբ կարդում և ինֆորմացիան փոխանցում են պլանշետին:

Տեսուչները խոստանում են՝  շարունակելու են աշխատանքն ու վարչական տույժեր  կիրառել արտոնագիր չունեցող վարորդների նկատմամբ: Առաջին անգամ, ի դեպ, տուգանքը կազմում է 50 հազար դրամ, մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ կրկնվելու դեպքում 100 հազար դրամ:

Back to top button